
Mardik.am-ը գրում է.
«Ես Վահե Հակոբյանի նկատմամբ որևէ բացասական վերաբերմունք չունեմ հատկապես, որ նրան չեմ ճանաչում, նույնիսկ ԱԺ-ում շփվելու առիթ չեմ ունեցել: Բայց ես շատ լավ գիտեմ իշխանության հոգեբանությունը, գիտեմ, թե ինչ սկզբունքով են ընդունվում մարզպետները և նրանց ազդեցությունը ինչպես է կիրառվում»,-mardik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդիմիլա Սարգսյանը:
«Այդ ամենը հաշվի առնելով, ես կարող եմ ասել, որ իրենք, հավանաբար, Սուրեն Խաչատրյանին արժանի փոխարինող են գտել, ով իր ազդեցությամբ անհրաժեշտության դեպքում կկարողանա ազդել բնակչության տրամադրությունների վրա, ինչու ոչ` ֆինանսական միջոցներով կարող է նաև հարցեր լուծել: Հետևաբար Սյունիքի մարզում նրանք չէին նշանակի մի մարդու, ով չի կարող փոխարինել Սուրեն Խաչատրյանին, որովհետև մենք չգիտենք, թե երբ և որ պահին կարող է արտահերթ ընտրություններ լինեն: Իսկ եթե չունենան տվյալ մարդը, ինչպես և բոլոր մարզերում, Սյունիքի մարզից ձայն չեն ստանա, քանի որ Սուրեն Խաչատրյանն այնտեղ ապահովում էր 100, նույնիսկ երբեմն 110 տոկոս ձայն»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը և ավելացրեց, որ այդպիսի հետևություն է անում, որովհետև նշանակել են գործարար աշխարհի ներկայացուցիչ և ճանաչված հոր զավակի :
«Հակառակ դեպքում կարող էին ընտրել մի ազնվագույն մարդու, մտավորականի, ով կկարողանար բնակչության հետ շատ լավ աշխատեր, սակայն ընտրությունների ժամանակ չէր կարողանա նույն մեթոդներով ազդել բնակչության վրա: Այդ նշանակումը ինձ համար մտածված և նպատակային քայլ է»,-ասաց պատգամավորը:



