Այնպես, ինչպես դստեր ավտոմեքենայի պատմությունը: Ոչինչ, որ վարչապետը՝ անվտանգության նկատառումներով, արդարացնում է ավտոմեքենայի անհրաժեշտությունը, դեռ մի բան էլ չփաստարկված հիմնավորումներ է բերում դրա ձեռքբերման վերաբերյալ՝ փորձելով ձեռքի հետ էլ պատասխանատվությունը դնել նախկինների վրա:
«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունից շատ չանցած պիտի պարզվեր, որ վարչապետի ասածները փաստերով չեն հիմնավորվում: ՊՊԾ-ն 2018 թ. ապրիլին, այսինքն՝ իշխանափոխությունից առաջ, նման ավտոմեքենա չի գնել: Դա եղել է շատ ավելի ուշ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ էր: Կարևորն այն չէ, որ այդ մեքենան գնվել է և այսօր սպասարկում է վարչապետի ընտանիքին: Գուցե անվտանգության առումով այդպես է պետք:
Բայց այն հիմնավորումները, որոնք բերվում են՝ տեղին չեն: Տեղին չեն նաև այն արդարացումները, որոնք վարչապետը ներկայացնում է՝ ընդհանրապես ծառայողական ավտոմեքենաների առնչությամբ իր ասածների ու արածների հետ կապված:
«Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին, և հարցադրում են անում, հիշում ե՞ս այս ելույթդ: Ոչ միայն հիշում եմ, այլև հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եվ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայնդեպս վերջին 20 տարում: Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը»: Սա վարչապետի օրերս արված ֆեյսբուքյան գրառումն է:
Խոսքն այն հայտնի ելույթի մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանն իր «սկզբունքային» մոտեցումներն է ներկայացնում Հայաստանում առկա ծառայողական մեքենաների առատության առնչությամբ:
«Զարմանալի պետություն ենք ընդհանրապես: Մենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա ենք տալիս, ասում ենք գնա գործի, արի տուն: Մինչդեռ իրա գործը մեր բոլորի համար գործի գնալու, տուն գալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը
ավտոբուսի մեջ, երթուղայինի մեջ ա: Տրանսպորտի նախարարության պաշտոնյաներին, որոնց խնդիրը միջմարզային, միջքաղաքային տրանսպորտ ապահովելն է, «Տոյոտա Քեմրի» ենք տալի, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի: Իրա գործը էդ ավտոբուսների մեջ ա, թող մի հատ նստի, տեսնի մարդիկ ո՞նց են գնում-գալիս: Հայաստանի Հանրապետությունում պետք ա 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- ժամանակին ասում էր Նիկոլ Փաշինյանը:
Այսօր, երբ նրան հիշեցնում են իր ասածները, փոխարենը դրանց պատասխանի՝ հայտարարում է, որ «հեղափոխությունից» հետո Հայաստանում 448 ծառայողական ավտոմեքենա է կրճատվել: Բայց չէ որ ժամանակին նա չէր ասում, թե քանի ծառայողական մեքենա պետք է կրճատվի: Նա խոսում էր այն մասին, թե քանի ծառայողական մեքենա պետք է ունենա Հայաստանը:
Եվ քանի՞սն ունի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: