Բրիտանա-իսրայելական BICOM վերլուծական կենտրոնի հետազոտողները կարծում են, որ հաջորդ տարի մերձավորարևելյան տարածաշրջանի մի շարք երկրներ ընկղմվելու են «տևական քաոսային իրավիճակի մեջ»: Բավականին հոռետեսական կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանին սպասվում է «արաբական գարուն-2»:
Մասնավորապես, լուրջ ցնցումներ, անգամ քաղաքացիական պատերազմի վտանգ է կանխատեսվում Լիբանանում, Իրաքում, Իրանում: Եմենում հնարավոր է առավել ընդգծված մասնատում, Եգիպտոսում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում՝ ներքաղաքական անկայունություն:
2020-ին Իսրայելը կարող է ունենալ նոր վարչապետ՝ հանձին ընդդիմության առաջնորդ Բենի Գանցի, իսկ Իրանը, պայմանավորված ամերիկյան պատժամիջոցների հետևանքներով, հնարավոր է՝ դառնա ավելի ագրեսիվ:
Ինչ խոսք, ներկայացված կանխատեսումներն իրոք խիստ հոռետեսական են: Բայց և այնպես, 2019-ի վերջին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում առկա տարաբնույթ ճգնաժամերը, դրանց խորացման հեռանկարները լիովին ապահովում են ներկայացված վարկածի համար անհրաժեշտ տրամաբանական հիմքերը: