Ֆլորա Զաբել․ այսպես է այն հայուհու անունը, ով, ծնվելով 1880 թվականին Կոստանդնուպոլսում, կարողացավ հետագայում նվաճել ամերիկյան կինոարտադրությունը՝ դառնալով Բրոդվեյի մուսան։
Ֆլորա Զաբելը կամ Ֆլորա Մանգասարյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Արդեն 1 տարեկանում Մանգասարյանների ընտանիքը ստիպված էր տեղափոխվել ԱՄՆ Օսմանյան հետապնդումներից խուսափելու համար։ Արդյունքում Զաբելը 1 տարեկանում արդեն հայտնվեց Նյու Յորքում, իսկ 19-ում հազիվ համոզեց իր ծնողներին զբաղվել դերասանական արվեստով։
Շատ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ նվաճել ամերիկյան կինոարտադրությունը՝ խաղալով բազմաթիվ մյուզիքլներում և համր ֆիլմերում։
1905 թվականին Ֆլորա Զաբել բեմական անունով կատակերգական ժանրի արդեն ճանաչված դերասանուհին ամուսնանում է Բրոդվեյի մյուզիքլների աստղ Ռայմոնդ Հիչքոկի (Raymond Hitchcock) հետ: Ամուսնական զույգը միաժամանակ և՛ հաջողությամբ խաղում էր միասին թատրոնում, և՛ համատեղ բեմադրություններ էր իրականացնում: Բրոդվեյի թատրոններում Զաբելը ընդհանուր առմամբ խաղաց 14 մյուզիքլներում:

Նրա առաջին ֆիլմերն էին 1915 թվականին նկարահանված «Օղակապոչ ռնգեղջյուր» ("Ringtailed Rhinoceros") և «Գյուղական վիճաբանություն» ("Village Scandal") ֆիլմերը: Հատկապես մեծ հաջողություն ունեցավ 1916-ին նկարահանված «Կարմիր այրի» ("The Red Widow") կինոնկարը, որտեղ Զաբելի զուգընկերն էր հանրահայտ դերասան Ջոն Բերիմորը: Այսպիսով՝ Ֆլորա Զաբելը, փաստորեն, հանդիսանում է նաև առաջին հայ կինոդերասանուհիներից մեկը:
1929թ-ին՝ ամուսնու մահից հետո, Զաբելը որոշում է այլևս հեռու մնալ ֆիլմարտադրությունից։ Նա բավականին ծանր է տանում ամուսնու մահն ու զբաղվում է պարզապես բեմական հագուստի դիզայնով։ Զաբելը մահացավ 88 տարեկանում՝ ընդմիշտ մնալով պատմության մեջ որպես ամենահայտնի հայ կին ու դերասանուհի, ով նվաճել է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը։



