Ներկա կյանքից փախչելու և նախորդին վերադառնալու բեմադրությունը միգուցե ծափահարություններ խլի բազմաչարչար և սրտից թույլ պողոսական զանգվածից, բայց չի լուծի մեր երկրի առաջ կանգնած ներքին ու արտաքին խնդիրները։

Հանուն էժանագին փիառի չարժե ի լուր աշխարհի ցույց տալ, որ կարելի է երկրի ղեկավարի «անհայտացում» կազմակերպել։

Եթե նոր կեցավայրը «Շոուշենկ» է քեզ համար, և ուզում ես փախչել այնտեղից՝ վերադառնալով նախկին «ես»-իդ տարածքներ, ապա ի՞նչը կամ ո՞վ է խանգարում դա անել առանց ավելորդ աղմուկի ու թամաշայի։

Եթե աթոռդ ընտանիքիդ դժբախտության ու աղջկադ ռեժիմով լացի պատճառ է, ապա ի՞նչը կամ ո՞վ է քեզ պահում աթոռիդ։ Միայն թե չարժե ասել, թե բա՝ ժողովուրդը։ Թեև բեմադրած սերիալների ու գրված ստատուսների ենթատեքստում այդ միտքն է դրած․ «Ես տուն կգնայի, բայց ժողովուրդը չի թողնում, և հանուն ժողովրդի ես տնեցիներին անգամ կզոհաբերեմ»։

Եթե պետական կառավարման գործիքը սուտն է ու էպատաժային կեղծիքը, ապա մի օր այն բումերանգի էֆեկտով վերադառնալու է։ Ի դեպ, արդեն հետդարձի ճանապարհին է այդ բումերանգը։

Իսկ «Շոուշենկից» փախչել պետք չէ։ Առայժմ պետք չէ։ Հատկապես երբ հսկայական գումար ես բյուջեից դուրս գրել այն վերանորոգելու և «մի կերպ յոլա գնալու» համար։

Հ.Գ. «Նոր» Հայաստանի Վաչոյի անունը, փաստորեն, Ղազար է։ Դա այն տղան է, որ բռնում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկը։ Չշփոթել ջրի շիշ բռնող տղայի հետ. նա օրենսդիր մարմնում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել