Pastinfo.am-ը գրում է․

Ամուսինների միջև վիճաբանությունն ավարտվել է հրկիզումներով։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեռեւս սեպտեմբերի սկզբներին ահազանգ էր ստացվել, որ Հարավ -Արևմտյան թաղամասում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Հետագայում պարզվել է, որ տեղի ունեցածը կանխամտածված հրկիզում է։

Նախնական քննության տվյալներով՝ Արմավիրում ամուսինների հերթական վիճաբանությունից հետո կինը վերցրել է երեխաներին և վերադարձել հայրական տուն, որը գտնվում է Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում։ Ամուսինն էլ վրեժխնդիր լինելու համար փորձել է հրկիզել կնոջ հոր ավտոմեքենան։ Ընդ որում՝ այդ փորձը նա արել է երկու անգամ։

Քննությամբ պարզվել է, որ ամուսինը օգոստոսի 29-ին Արմավիրից խմած եկել է Երեւան՝ աներոջ տուն, որտեղ և գտնվում էին այդ պահին իր կինն ու երեխաները, ապա բենզինը լցրել աներոջ մեքենայի շարժիչի ծածկոցի վրա, այրել եւ դիմել փախուստի, սակայն հրդեհը հաջողվել մարել։

Երկրորդ դեպքն արձանագրվել է սեպտեմբերի 2-ին։ Ընդ որում այս անգամ՝ ամուսինը փորձել է հրկիզել նաեւ տունը եւ բենզինը լցրել ոչ միայն մեքենայի, այլ նաեւ տան դռան վրա։ Բարեփախտաբար այս անգամ եւս հաջողվել է մարել կրակը եւ լուրջ հետեւանքներ չեն եղել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 –րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հրկիզման ճանապարհով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի՝ պատճառելով խոշոր չափի վնաս և նույն արարքը՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել