Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դեռ չի շտապում Սյունիքի նոր մարզպետի՝ Վահե Հակոբյանի մասին կարծիք հայտնել: «Պետք է աշխատի, որ ասեմ, դեռ չի աշխատել, կաշխատի` կասենք էլի:
Մարդուն աշխատանքով են գնահատում»,- Aravot.am-ին ասել է գյուղապետը: «Քաջարան գյուղը մենք տվողը չենք: Ես ոչ ոքից չեմ վախենում, ուզում ա Վահեն գա, ուզում ա մինիստրը գա, ուզում ա Պետրոսը գա: Թող իրենց աշխատանքն անեն: Մարզում 200 տարվա պաշար կա, հլը պաշարները չեն պրծել: Պաշարները, որ պրծնեն, կորոշենք՝ կտանք, չենք տա: Մենք տվողը չենք»: Պարոն Աթայանն այն կարծիքին է, որ նոր մարզպետը չէ, որ պետք է նպաստի ընդերքի շահագործմանը. «Թալանը վաղուց է սկսվել: Եկեք, տեսեք` Մեղրու ձորը քանդում են , մարզպետի գալ-չգալու հետ կապ չունի: Արդեն տրակտորներով եկել ու Մեղրիի սարերը, գյուղերը, ձորերը քանդում են: Եկեք, տեսեք ինչ է կատարվում»: