Antifake.am-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հրապարակել է իրական փաստեր «Նոր Հայաստանի» մասին, որոնք երբեք չեք լսի Նիկոլ Փաշինյանից։ Այս բոլոր փաստերը վերաբերվում են 2019 թվականին։

Հրապարակում ենք 101 փաստերը առանց խմբագրման.

1. Նիկոլ Փաշինյանը գաղտնի հրամանագրով, խախտելով Սահմանադրությունն ու շրջանցելով օրենսդրական պահանջը, չունենալով դրա իրավունքը, կրկնապատկել է նախարարների, փոխնախարարների և պետական տարբեր գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավար/գլխավոր քարտուղարների աշխատավարձը: Արդյունքում՝ նախարարների ամսական աշխատավարձն այժմ կազմում է 1,5մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1,06 մլն դրամ, իսկ գլխավոր քարտուղարների աշխատավարձը՝  870 հազար դրամ, մինչդեռ նախարարությունների այլ հանրային ծառայողների աշխատավարձը չի բարձրացել:

2. Նիկոլ Փաշինյանը գաղտնի հրամանագրով բարձրացրել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավարի և երկու փոխվարչապետերի աշխատավարձը՝ դարձնելով  1,5 մլն դրամ: Փաստացի, փոխվարչապետերն ու նախարարներն ավելի բարձր են վարձատրվում, քան Հանրապետության նախագահը և Ազգային ժողովի նախագահը։

3. 2019թ. միայն առաջին 10 ամիսներին Ազգային ժողովը 14 անգամ պարգևատրել է պատգամավորներին և ԱԺ աշխատակիցներին. պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դոլար:

4. 2019թ. մայիսին Կառավարությունը Ազգային ժողովին հատկացրել է լրացուցիչ շուրջ 900 մլն դրամ՝ պարգևավճարների և գործողումների համար։ Բացի այդ, ԱԺ-ն ձեռք է բերել 4 ռենտգենային զննող սարքավորում, որից 3-ը  տեղակայվել են ԱԺ անցակետերում, 1-ը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի  մուտքի մոտ:

5. ԱԺ գնումների մոտ 40 տոկոսն իրականացվել է մեկ աղբյուրից՝ առանց մրցույթի, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

6. Ըստ չհերքված տեղեկության, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, 14 հոգանոց պատվիրակությամբ Արցախ այցի ընթացքում տեղի ռեստորաններից մեկում պատվիրել է ամենաթանկարժեք ուտեսներ ու խմիչք: Ճաշկերույթի հաշիվը կազմել է շուրջ 2 մլն դրամ, որը վճարվել է ՀՀ պետբյուջեից:

7. ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայության ղեկավար կազմը և աշխատակիցներն ամեն ամիս պարգևավճար են ստացել: 2019թ.-ի հունվարից մինչև նոյեմբեր ՊՎԾ-ում ստացել են շուրջ 180 հազար դոլարի պարգևավճար:

8. Ըստ պաշտոնական վիճակագրության, միայն 2018 թ. Հայաստանից արտագաղթել է 18.5 հազար մարդ, իսկ 2019 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի բնակչությունը կրճատվել է ևս 11.7 հազարով։

9. 2018 թ. ԱՄՆ խաղարկային վիզաների կամ «Գրին քարտի» խաղարկությանը Հայաստանից դիմել է 110,725 քաղաքացի, որը 14,336-ով ավելի է 2017 թ. և  38,871-ով՝ 2016 թ.-ի համանման դիմումներից: Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:

10. 2019թ. շարունակվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի էական կրճատումը։ Առաջին 9 ամիսների տվյալով ներդրումները կրճատվել են ևս 60 մլն դոլարով՝ կազմելով ընդամենը 68 մլն դոլար։ 2018 թ. երկրորդ եռամսյակից սկսած օտարերկրյա ուղղակի ներդրումներըն իրենց հերթին մեծապես կրճատվել էին նույն տարվա առաջին եռամսյակի և նախընթաց տարիների համադրությամբ։

11. Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ 4 անգամ խոշոր չափի, ընդհանուր առմամբ, 100 մլն դրամը գերազանցող վճարումներ է կատարել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին: Ընդ որում, կուսակցությունից զատ խոշոր՝ 5 մլն և ավելի դրամ անհատական փոխանցումներ են կատարել Արարատ Միրզոյանը, Դավիթ Սանասարյանը, Սիփան Փաշինյանը և տասնյակ այլ գործող պաշտոնյաներ, որոնց հայտարարագրերում նման կարողության մասին տվյալներ չկան: Համաձայն շրջանառվող վարկածի, այս գումարներն իրականում փոխանցել են օլգարխները, իսկ «իմքայականները» պարզապես իրենց անուններից մուտք են արել դաշինքի նախընտրական հաշվեհամարին:

12. Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին 10 միլիոն դրամ անանուն նվիրատվություն է կատարվել, որը կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

13. Նիկոլ Փաշինյանի տիկնոջ վարսահարդար ու ոճաբան Սոֆյա Նավասարդյանը և Հայարփի Հակոբյանը կառավարությունում ընդունվել են աշխատանքի և  սահմանադրական որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանին սպասարկելու համար բյուջեի միջոցներից աշխատավարձի, պարգևավճարների ու գործուղման օրապահիկների տեսքով ստացել են շուրջ 19 մլն դրամ՝ վերջինիս ուղեկցելով նաև արտերկրյա այցերի ժամանակ։

14. «Հայաստան» համահայկական հիմնադրամին վերջին 15 տարիների ընթացքում ամենաքիչ նվիրատվությունն արվել է այս տարի։ Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն իր արտերկրյա այցերի ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների հայկական համայնքների հետ, իսկ աշնանը  չարթերային թռիչքով մեկնել էր Լոս Անջելես՝ հրավիրելով «համահայկական հանրահավաք»:

15. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը, ով համատեղության կարգով նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Ըստ կուսակցության կանոնադրության, այդ հիմնադրամի միջոցով է իրականացվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորումը։ Փաստացի, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսները ապահովող/տնօրինող հիմնադրամը ղեկավարում է նույն անձը, ինչը քաղաքական կոռուպցիայի ցայտուն դրսևորում է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի սոցիալական ծրագրերի իրականացումն էլ վստահվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարո Մաթոսյանին և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի մորը՝ Վերա Սիսեռյանին։ Ինչը ևս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

16. Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցի կազմակերպման նպատակով վարձվել է մասնավոր ինքնաթիռ, որի  համար պետական միջոցներից վճարվել է շուրջ 350 հազար դոլար, ինչն աննախադեպ է, իսկ այցը կազմակերպելու համար պետական բյուջեից ծախսված միջոցները կազմել են մոտ 500 հազար դոլար։

17. Դեկտեմբերի 12-ին կառավարությունը հերթական անգամ 95 մլն դրամով ավելացրել է այս տարվա «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» բյուջեից հատկացվող գումարը։ 2019 թ. պետբյուջեով գործողումների համար նախատեսված է եղել 350 մլն դրամ, մինչդեռ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ արդյունքում դառնալով 880 մլն դրամ:

18. Նիկոլ Փաշինյանը 2015թ. ԱԺ-ում ունեցած ելույթում Հայաստանն անվանել էր «պադավատապետություն», նշելով, թե ՀՀ-ում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի: Մինչդեռ Փաշինյանի վարչապետ դառնալուց գրեթե 2 տարի անց ծառայողական մեքենաների թիվը նվազել է ընդամենը 18%-ով: Այս պահին միայն պետական կառավարման մարմիններն ունեն ավելի քան 350 ծառայողական ավտոմեքենա:

19. Իջևանի նախկին քաղաքապետը քրեական հետապնդման ենթարկվելու սպառնալիքի տակ հրաժարականի դիմում է ներկայացրել, որից հետո Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը:

20. Կառավարության որոշմամբ Իջևանի քաղաքապետի ընտրությունը, որ պետք է լիներ այս տարվա դեկտեմբերի 8-ին, հետաձգվել և նշանակվել է 2020 թ. մարտի 15-ին: Այս ընթացքում իշխանությունը փորձում է իրականացնել համայնքների խոշորացում, որպեսզի ներգրավվելիք գյուղական համայնքների ընտրողների հաշվին, հնարավոր լինի իրատեսական դարձնել Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի ընտրությունը համայնքապետի պաշտոնում:

21. Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական պաշտոններում տեղավորելուց մշտապես դժգոհող Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո պետական բարձր պաշտոններ են ստացել նրա եղբոր տղան, աներձագը, մանկության ընկերը, կնոջ բարեկամն ու ընկերուհին, կնոջ ընկերուհու եղբայրը, իր խմբագրած օրաթերթի աշխատակիցներն ու նրանց մտերիմները, Փաշինյանի դասընկերը և շատ ուրիշներ:

22. Նիկոլ Փաշինյանը,  դարձյալ գաղտնի հրամանագրով, շուրջ 2 մլն դոլար է հատկացրել իր և Արարատ Միրզոյանի ծառայողական առանձնատների նորոգման ու կահավորման համար: Ֆեյսբուքյան live-ում Փաշինյանը, իր բնավորության համաձայն, դարձյալ մանիպուլացրել է թեման՝ նշելով, թե իր առանձնատան նորոգման համար ծախսվել է 2 մլն դոլարից 10 անգամ քիչ գումար, սակայն այդպես էլ չի ասել, թե որքան գումար է ծախսել և չի հրապարակել գաղտնի հրամանագիրը՝ մամուլի հրապարակումները հերքելու և հանրության շրջանում եղած կասկածները փարատելու համար:

23. 2019 թ. Նիկոլ Փաշինյանին, և ըստ լուրերի, նրա կնոջը սպասարկելու նպատակով կառավարությունը ձեռք է բերել երկու «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) զրահապատ 2  մեքենա, որոնցից յուրաքանչյուրի շուկայական արժեքը  կազմում է մոտ 550 հազար դոլար:

24. Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրները շարունակվում են մնալ չլուծված: Կառավարությունը, չնայած ներկայացված ավելի էժան հայտերին, պետբյուջեից 400 հազար դոլար է վատնել՝ Ամուլսարի միջազգային փորձաքննություն պատվիրելով լիբանանյան «Էլարդ» ընկերությանը, ապա անվստահություն հայտնել այդ փորձաքննության արդյունքին: «Էլարդ»-ին վճարված 400 հազար դոլարը չի վերադարձվել պետբյուջե: Չեն փարատվել նաև հանրային կասկածները «Էլարդ» ընկերության և փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ-Վարագ Սիսեռյանի ընտանիքի միջև եղած կապերի մասին։

25. Ամուլսարի պահպանները չենթարկվեցին հանք տանող ճանապարհները բացելու վարչապետի կոչին, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարում է, որ Հայաստանի իշխանության հանքի գործունությունը ապահովել չկարողանալու դեպքում դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան, ինչի պարագայում պետական բյուջեից ընկերությանը վճարվելիք փոխհատուցման գումարն ու տուգանքը կարող են հասնել հարյուրավոր միլիոնների:

26. «Սանիտեք» ընկերությունը հայտարարել է, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է միտումնավոր սնանկացում և օտարում (expropriation), ինչի կապակցությամբ նախաձեռնել է արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց, որի պարագայում Երևանի համայնքային բյուջեից մասնավոր ընկերությանը վճարվելիք փոխհատուցման գումարն ու տուգանքը կարող են հասնել տասնյակ միլիոնների:

27. Նիկոլ Փաշինյանի գիրքը տպագրած «Անտարես» հրատարակչությունն առանց մրցույթի պետբյուջեից շուրջ 100 հազար դոլար է ստացել Փաշինյանի հեղինակած «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը հանրայնացնելու և գովազդելու համար: «Անտարես»-ի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ասել է, թե «կառավարությունից հանձնարարություն է ստացել Հանրապետությունում գտնել արտաքին գովազդի վահանակներ, բանակցել նրանց տերերի հետ, որպեսզի դրանց վրա տեղադրվեն գովազդներ»: Փաստացի, խախտելով պետական գնումներ կատարելու օրենքով սահմանված ընթացակարգը, նման «հանձնարարություն» է տրվել հենց Նիկոլ Փաշինյանի մտերիմին:

28. «Մահվան վերելակներն» ու «հուսահատության «գազելները» վերացնել խոստացող Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո բազմապատկել է Երևանի քաղաքապետարանի՝ տոնակատարությունների համար նախատեսվող ծախսերը, մինչդեռ մայրաքաղաքի տրանսպորտային հարցն այդպես էլ մնում է չլուծված, իսկ Երևանում փաստացի դեռ ոչ մի վերելակ չի փոխվել, մինչդեռ վերելակային տնտեսության հնարավոր փոփոխությունը, ինչպես արդեն ներկայացվել է, կարող է իրականացվել միայն քաղաքացիների կողմից վճարվող վերելակային սպասարկման գումարի էական բարձրացման հաշվին:

29. Երևանի քաղաքապետարանն առանց մրցույթի՝ մեկ անձից գնման եղանակով, հարյուրավոր միլիոնների ծառայություն է պատվիրել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ընկերոջը պատկանող  «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը:

30. Երևանի քաղաքապետարանը կրկնապատկվել է 2020 թ. ամանորի միջոցառումների բյուջեն. այս տարի հատկացվել է 550 մլն  դրամ, մինչդեռ 2018 թ. նույն նպատակի համար ծախսվել էր  222 մլն դրամ, 2017 թ. 192  մլն դրամ, 2016 թ. 157 մլն դրամ , 2015 թ  136 մլն. դրամ։ Ուշագրավ է, որ չնայած դուրս գրված գումարների աննախադեպ մեծ ծավալին, վարչական շրջանների տոնական զարդարանքները խղճուկ տեսք ունեն:

31. Աղբահանության խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է լրացուցիչ 1 մլրդ 700 հազար դրամ, որի մի մասն այդ նպատակին վերահասցեագրվել է մանկապարտեզների համար նախատեսված գումարների ց:

32. 2020 թ. Երևանի բյուջեից աղբահանության նպատակով փաստացի տրամադրվելու է 600 մլն դրամով ավելի գումար, քան նույն նպատակով ծախսվում էր նախկինում, իսկ Երևանի համայնքային բյուջեից շուրջ 900 մլն դրամ է հատկացվել աղբատար մեքենաներ ձեռքբերելու համար։ Այս ամենն այն դեպքում, երբ Հայկ Մարությանի հիմնած աղբահանության պետական հիմնարկը, ի տարբերություն «Սանիտեք»-ի, որպես համայնքային կազմակերպություն, ազատված է հարկերից:

33. Երևանի վարչական շրջանների աշխատակիցների ամանորյա խնջույքներն իրականացվելու են պետբյուջեի հաշվին: Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների ամանորյա երեկույթի համար նախատեսվում է  բյուջեից ծախսել 3 մլն դրամ, Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների համար` 2 մլն դրամ, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակիցների համար` 1 մլն 300 հազար դրամ և այսպես շարունակ:

34. Տնտեսական հավասար մրցակցության մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանի  վարչապետության շրջանում Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություններ տրամադրելու դիմաց տնտեսավորողներից «նվեր է ստացել» աղբահանության և ձնմաքրման տեխնիկա: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը կոռուպցիոն լրջագույն ռիսկեր պարունակող գործարքի է գնացել տնտեսվարողների հետ։ Այս գործարքի ուսումնասիրությամբ զբաղվում է Գլխավոր դատախազությունը, իսկ ԱԺ-ում ձևավորվել է Քննիչ հանձնաժողով:

35. Ազգային ժողովը Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտայում կազմակերպած գորգ լվանալու «արարողության» համար պետբյուջեից ծախսել է 5 մլն դրամ: Գնումը կատարվել է մեկ աղբյուրից՝ ԱԺ պատգամավորներից մեկի ընկերուհուն պատկանող և գնումից ընդամենը մի քանի օր առաջ գրանցված ԱՁ-ի միջոցով։ 

36. Չնայած հռչակված «տնտեսական հեղափոխությանը», Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում ՀՀ արտաքին պետական պարտքն աճել է 125 մլն եվրոյով (KFW, EBRD) և 500 մլն դոլարով (եվրոբոնդ), հատելով մեր երկրի ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեմ էր քվեարկում արտաքին պարտքն ավելացնող վարկային բոլոր համաձայնագրերին, պնդելով, որ աղքատության 30%-ից ավելի ցուցանիշ ունեցող երկիրը չի կարող արտաքին պարտք վերցնել:

37. Աբու Դաբիից Հայաստան ժամանած խոշոր ներդրողների հետ հանդիպումը տապալած իշխանությունը սկսեց արդարանալ, թե պատվիրակության անդամները ներկայացել էին ջինսե տաբատներով և հանդիպմանը խոսել են հեռախոսով։ Մինչդեռ համացանցը ողողված է լուսանկարներով, թե ինչպես է Հայկ Մարությանը պետական տոնին մասնակցում ջինսե տաբատով ու սպորտային կոշիկներով։ Վարչապետ Փաշինյանը ոչ պաշտոնական հագուստով բազմիցս ընդունել է կառավարություն այցելած տարբեր հյուրերի:

38. Նիկոլ Փաշինյանի մտերիմ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր նշանակվելուն հաջորդած 6 ամիսների ընթացքում ՍԴ որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտականություն չի իրականացրել, փոխարենը, ոչինչ չանելու դիմաց յուրաքանչյուր ամիս ստանում է 793,680 դրամ աշխատավարձ, հավելավճար և բենզինի կտրոն:

39. Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու համար իշխանությունը սկսեց աննախադեպ ճնշում գործադրել ՍԴ մյուս դատավորների ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա: ԱԱԾ-ն մուտք գործեց Թովմասյանի հայրական տուն, հարցաքննության հրավիրվեցին Թովմասյանի երկու դուստրերն ու տարեց հայրը, ինչպես նաև ձերբակալվեցին Հրայր Թովմասյանի երկու սանիկները:

40. Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակում գործեցին ընդդիմադիր «Հայելի» մամուլի ակումբի վրա՝ հայտարարելով, որ Հրայր Թովմասյանի քույրը՝ լրատվամիջոցի ղեկավար Անժելա Թովմասյանը, իրավունք չունի ապրել ու գործունեություն ծավալել Հայաստանում:

41. ՍԴ դատավորներին ու նախագահին հրաժարական հարկադրել չկարողանալուց հետո իշխանությունն օրակարգ բերեց և ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, ըստ որի, եթե Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս 6 դատավորները մինչև 2020 թ. հունվարի 31-ը հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան ամսական իրենց հասանելիք աշխատավարձն ու հավելավճարները, ինչի արդյունքում յուրաքանչուր դատավորի տարեկան թոշակը կկազմի շուրջ 12 մլն դրամ:

42. ՀՀ Սահմանադրության փոփոխությունները սուպերվարչապետության մոդելի կերտման միջոց հռչակած Փաշինյանը, ով պնդում էր, որ Սահմանադրությունը կարվել է «Սերժ Սարգսյանի հագով», այսօր կրում է այդ «կոստյումը» և որևէ քայլ չի ձեռնարկել սահմանադրության փոփոխությունների և իր կողմից հռչակված «սուպերվարչապետության մոդել»-ը փոխելու ուղղությամբ։

43. Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությանը մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ հայտարարելով, որ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում տեղադրված նստարանները ձեռք է բերում չափազանց թանկ՝ 160 հազար դրամով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի թիմակից Հայկ Մարությանի ղեկավարման օրոք քաղաքապետարանը նույն նստարանները նույն ընկերությունից ձեռք է բերում ավելի թանկ գնով՝ 164 հազարով։ 

44. Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա չկա. իշխանության բարձրագույն ատյաններում այն հաղթահարված է։ Նույն Փաշինյանի վարչապետության շրջանում կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ են առաջադրվել Փաշինյանի թիմակիցներ, ակտիվ «հեղափոխականներ» Դավիթ Սանասարյանին, ԳԿՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին և այլոց։

45. Նիկոլ Փաշինյանը, որն այսօր հպարտանում է Գյումրու փողոցների նորոգման և արտաքին լուսավորության լայնածավալ աշխատանքով, որի արդյունքում էապես բարեկարգվել է քաղաքի կենտրոնը, միտումնավոր չի հիշատակում, որ ծրագիրն  իրականացվում է ՎԶԵԲ-ի 2016թ. հաստատած 14.6 մլն եվրո վարկային և 7.3 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի միջոցներով։ Ինքը՝ Փաշինյանը, լինելով ԱԺ պատգամավոր, ժամանակին դեմ է քվեարկել այդ վարկային համաձայնագրին:

46. Նիկոլ Փաշինյանի թիմը մեծամասամբ համալրված է «զինվորական ծառայության համար անպիտան ճանաչված» կամ զինվորական ծառայությունից խուսափած մարդկանցով։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և մյուսների՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին մամուլում եղած փաստերը շարունակում են մնալ չհերքված կամ մինչև վերջ չպարզաբանված։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 65 տղամարդ պատմագավորից 29-ը ազատված է պարտադիր զինծառայությունից։   

47. Չնայած պաշտպանությանը հատկացվող բյուջետային միջոցների տարեկան 0.5  մլրդ դոլարով ավելացման մասին Նիկոլ Փաշինյանի խոստմանը, 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքով նման ավելացում նախատեսված չէ։

48. Չնայած զինվորների «մայկա-տռուսիկի» խնդիրը լուծված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին ու ուշացած ինքնահերքմանը, ինչպես նախկինում, այսօր ևս ծնողները մեծամասամբ իրենք են հոգում իրենց զինծառայող երեխաների «մայկա-տռուսիկի» խնդիրը։ Չի դադարել նաև ծնողների զորամասեր հանձնուքներ ուղարկելու պրակտիկան:

49. Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու հետևանքով Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, և Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Խաչատուրովի փոխարեն ՀՀ-ն ներկայացնող այլ թեկնածու առաջադրել, ինչպես խոստանում էր: Ի դեպ, Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչելուց հետո նրա հետ քննչական գործողություններ չեն իրականացվել, իսկ գեներալ Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

50. 2019 թ. գարնանը Մեղրու զորամասում գրանցվել է աննախադեպ միջադեպ, երբ մեծ թվով զինվորներ ինքնակամ լքել էին զորամասի տարածքը՝ դրսևորելով «հեղափոխական» պահվածք։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել