Pastinfo.am-ը գրում է.

Ոստիկանությանը լրացուցիչ գործիք տալիս պետք է ստեղծենք նաև հանրային վերահսկողության ինչ-որ մեխանիզմ, որպեսզի խուսափենք հնարավոր ոչ իրավաչափ գործողություններից և ապօրինի գաղտնալսումներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ոստիկանությանը գաղտնալսումների հնարավորություն տալու հետ կապված օրինագծին։

Փորձագետը նշեց, որ այժմ վերահսկող մեխանիզմ գոյություն չունի և որպես այդպիսին միակ զսպող գործոնը դատարանի որոշումն է։
«Մենք չունենք հանրային վերահսկողության գործիք, ոչ ոք չգիտի՝ ինչ է կատարվում գաղտնալսման դաշտում, կարող է ոչ մի վատ բան չի կատարվում կամ էլ կարող է ահավոր բաներ են լինում։ Այդ վերահսկող ուժը կարող է լինել օրինակ ԱԺ-ն, որն իրավունք կունենա փակ ռեժիմով վերահսկել ԱԱԾ-ին և Ոստիկանությանը»,-ասաց փորձագետը։

Խոսելով օրինագծի դրական կողմերի մասին՝ Մարտիրոսյանը նշեց, որ դրա շնորհիվ ԱԱԾ-ն կզրկվի քաղաքացիների մասին ավելորդ տեղեկություններ ստանալու հնարավորությունից, այն դեպքում երբ այդ տեղեկությունները պետք են Ոստիկանությանը:

Նշենք, որ Հայաստանի ոստիկանությանը քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումների հնարավորություն տրամադրելու մասին օրինագիծը Ոստիկանությանը հնարավորություն է տալիս ինքնուրույն իրականացնել քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը։ Այն ԱԺ-ին առաջին ընթերցմամբ ընդունել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել