«Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» մրցութային անվանակարգերում է ներկայացված Լուսին Դինքի «Սարոյանլենդ» կարճամետրաժ ֆիլմը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Ստամբուլի միջազգային կինոփառոատոնի շրջանակներում:
Լրագրողների հետ զրույցում Լուսին Դինքը` Հրանտ Դինքի զարմուհին, հերոսի ընտրութունը նրանով բացատրեց, որ Սարոյանի մեջ գտել է այն ամենը, ինչ զգում է յուրաքանչյուր հայ: Ֆիլմը ներկայացնում է 1964 թվականին Վիլյամ Սարոյանի այցելությունը Բիթլիս` իր ծննդավայր: Ըստ ռեժիսորի, ինքը փորձել է հասկանալ Սարոյանի առանձնահատուկ վերաբերմունքն իր արմատների հանդեպ: Ֆիլմում ներկայացվել են արխիվային լուսանկարներ, նյութեր, ժամանակակից Բիթլիսը:
«Սա իմ առաջին ֆիլմն է: Այն, ինչ մենք զգում ու մտածում ենք, Սարոյանն այդ ամենն արտահայտում է բառերով: Ֆիլմում Սարոյանի դեմքը ցույց չեմ տալիս, այլ միայն` ստվերը, քանի որ նախ` Սարոյանը կենդանի չէ և երկրորդ` դժվար է Սարոյանին ներկայացնել մի կերպարի մեջ»,- ասում է Լուսինը:
Ֆիլմը հետաքրքիր մի կոլաժ է ստացվել, քանի որ Սարոյանի մասին պատմում է Սարոյանը` իր ստեղծագործություններից մեջբերումների միջոցով: Լուսինի հավաստմամբ, ֆիլմը նկարահանելիս ոչ մի խոչընդոտի չի հանդիպել, քանի որ Թուրքիայում այժմ երիտասարդները սկսել են ավելի լայն մտածել ու մի շարք հարցերում արդեն կարող են նստել և բանավիճել տարեցների հետ: «Վստահ եմ, որ սահմանը բացելու գաղափարը շատ մոտ է կյանի կոչվելուն, քանի որ արդեն իսկ բացվել են մարդկանց սրտերը», - իր խոսքը եզրափակեց Լուսին Դինքը: