Armdaily.am-ը գրում է.

Մենք միշտ պատրաստ ենք կառուցողական դաշտում աշխատել մեր բոլոր գործընկերների հետ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Լևոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ քննարկում են հետ կանչել ավագանու իրենց անդամին։

«Ինչ վերաբերվում է երեկվա նիստին, մի փոքր  անձնական վիրավորանքների և ավագանու նիստին ոչ հարիր մթնոլորտ էր, հնչեցին տհաճ արտահայտություններ և ես կարծում եմ, որ սա նման դրսևորման հետևանքն է։ Ինչ վերաբերվում է պարոն Խաժակյանի գործունեությանը, կարծում եմ, նա բավականին ճանաչված ավագանու անդամ է, ունի իր հետևորդները և իր աշխատանքները կատարում է կառուցողական դաշտում, նրա հետ համագործակցելու  որևէ խնդիր մենք չենք տեսնում։ Անձնական լարված իրավիճակ, կամ ինչ-որ այլ խնդիր չկա։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, մենք էլ ենք մամուլից իմացել։ Եթե Խաժակյանն այնուամենայնիվ շարունակի գործունեությունը, մենք նրա հետ սերտ կհամագործակցենք, մենք նման ցանկությունն ունենք, բայց իրենք պետք է որոշեն»,-ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, արդյոք իրադարձությունների այսպիսի ընթացքը անսպասելի էր, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ սպասելի էր այնքանով, որ  մթնոլորտը, որը վերջերս կա ավագանու նիստերի ժամանակ, աշխատանքների համար արդյունավետ չէր ։Լինի իշխանության թե ընդդիմության ներկայացուցիչ, դժվար է նման մթնոլորտում աշխատելը։ Պարոն Մարուքյանը  և «Լուսավոր Հայաստանը»-ի ներկայացուցիչները այդ հարցը բարձրաձայնում են, կարծում եմ իմ մյուս գործընկերներն էլ համակարծիք են, որ այդ մթնոլորտը արդյունավետ չէ և եթե հետագայում այսօրվա որոշումներից ելնելով, անկախ նրանից թե ինչ կորոշվի, կստեղծվի իրավիճակ, որ մենք ավելի հանգիստ ու կառուցողական մթնոլորտում կաշխատենք և առարկայական այլ ոչ թե էմոցիոնալ  քննարկումներ ունենանք,  դրանից հետո ավագանու աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա։ Կարևորը՝ կառուցողական դաշտում լինելն է, իսկ հարցեր բարձրաձայնալոււ սահմանափակումներ միանշանակ չկա, ուղղակի դա պետք է անել հանգիստ, ոչ էմոցիոնալ, ավագանու հարիր մթնոլորտում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել