Գրիժինա Ջերանակա-Գեբերդն արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է պատանի երաժիշտների «Տնջրե» միջազգային փառատոնին, որի շրջանակներում վարպետության դասեր է ունենում արցախցի երաժիշտների համար: Նա ջութակահարուհի է, ով մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների եւ ստացել տասնյակ մրցանակներ ու պատվոգրեր: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Գրիժինա Ջերանակա-Գեբերդի հետ:
-Արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախում վարպետության դասեր եք անցկացնում, ըստ Ձեզ, ինչո՞վ են տարբերվում արցախցի երաժիշտները:
- Կարծում եմ, երաժիշտները ոչ մի տեղ ոչնչով չեն տարբերվում, երաժիշտները սիրում են երաժշտություն եւ դրանով խաղաղություն են տարածում: Այստեղ շատ տաղանդավոր մարդիկ կան, եւ միակ տարբերությունն այն է, որ այստեղ երաժշտական գործիքներ ձեռք բերելն է դժվար եւ առհասարակ երաժշտության հետ կապված այլ խնդիրներ կան, բայց մենք օգնում ենք, որպեսզի մի քիչ թեթեւացնենք այդ բեռը:
-Ձեր կարծիքով պատերազմը եւ առհասարակ ղարաբաղյան հակամարտությունն ազդե՞լ է երաժիշտների կայացման վրա:
-Ես համոզված եմ, որ այո, սակայն, կարծում եմ, որ երաժշտությունը լավագույն միջոցն է խաղաղության հասնելու համար. երաժշտությունը սահմաններ չի ճանաչում եւ թեթեւացնում է մարդկանց: Պատերազմն ու հակամարտությունը շատ են խանգարում, քանի որ մարդու համար առաջնահերթությունն անվտանգ լինելն է: Երբ այդ անվտանգությունը բացակայում է` մարդիկ մտածում են, որ երաժշտությունը երկրորդական է, եթե մարդիկ զբաղվեին երաժշտությամբ` նրանք հաստատ քիչ կպատերազմեին:
-Ի՞նչ գիտեիք Արցախի մասին, մինչ եւ Ձեր այստեղ գալը, եւ ի՞նչ տպավորություններ ունենք հիմա:
-Նախքան Արցախ գալս շատ էի լսել պատերազմի մասին, սակայն այստեղ ապրող մարդկանց մասին ոչինչ չգիտեի: Նորություններով շատ էի լսել կոնֆլիկտի մասին, գիտեմ, որ բոլոր լուրերը չէ, որ հավաստի են, սակայն ես միշտ «ձեր կողմից էի», որովհետեւ մտածում եմ, որ արցախցիներն ազատության եւ ինքնորոշման իրավունք ունեն:
-Բոլոր նրանց, ովքեր գալիս են Արցախ, սպառնում է Ադրբեջանի սեւ ցուցակում ընդգրկվելը, ի՞նչ կասեք այս մասին:
- Ես անում եմ այն, ինչ կարող եմ եւ ուզում եմ. սովորեցնում եմ նվագել, ես դրանով եմ ապրում: Չեմ կարծում, որ պետք է վախենամ:
-Ամեն անգամ Դուք կիսվում եք Ձեր փորձով ու գիտելիքներով, իսկ այստեղից ի՞նչ եք տանում:
-Մարդկանց ջերմությունն ու հոգեւոր գեղեցկությունը: Ես կցանկանայի սրանք փոխանցել ֆինլանդացիներին, որպեսզի նրանք էլ այսպես ջերմորեն վերաբերվեն միմյանց հանդեպ: Ամուսինս նույնպես մեծ սիրով է գալիս այստեղ, թեկուզ շատ չի շփվում մարդկանց հետ, քանի որ նա խիստ ընդգծված ֆիննական բնավորություն ունի: Գիտեք` ֆինլանդացիները ձմռանն առանձնացած էին ապրում եւ ողջ ձմեռ չէին տեսնում ոչ մեկին, իսկ եթե հանկարծ ինչ-որ բան էր անհրաժեշտ լինում, ասենք` աղն էր վերջանոմ, որպեսզի մոտենային այլ տնտեսության` նրանք հարվածային գործիքներ էին օգտագործում, որպեսզի հարեւանները հասկանան, որ դա ոչ գայլ է, ոչ արջ ու չվախենան: Այս մի քանի տարիների ընթացքում, ինչ լինում եմ Արցախում, իմ հաղորդակցվելու ձեւն էլ է փոխվել, եւ ես այն փոխանցում եմ ֆիներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/372327032889422
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել