Եթե ներկաներ ասելով՝ նկատի ունենանք անհաջողակների այն ակումբի անդամներին, որոնք այսօր համատարած ձախողվում են տարբեր պետական պաշտոններում, իսկ նախկիններ ասելով՝ բոլոր նրանց, ովքեր դժբախտություն են ունեցել՝ մինչև 2018-ի ապրիլ մեր երկրում որևէ հաջողություն գրանցել, ապա մեր շահերից է բխում հուսալ, որ նախկինների մի մասն առնվազն ինչ-որ պահի հնարավորություն կունենա նորից միանալու պետության կառավարման գործին և վերականգնելու ինֆորմացիայի, փորձի ու գիտելիքի 30 տարվա թելը, որն այնքան առհամարհանքով կտրեցին նորերը ու որոշեցին, որ կարող են հաջողությամբ սկսել զրոյից:
Իսկ եթե տարաբաժանումն ավելի խելամիտ անենք ու անցյալում գիտելիք ու փորձ կուտակած բոլոր մարդկանց չնույնացնենք շմայսների, լիսկաների, գալուստների հետ, ապա համընդհանուր կոնսենսուս կգտնենք այն հարցի շուրջ, որ լիսկաների, շմայսների ու գալուստների ժամանակն այլևս երբեք չի գալու: Եվ սա՝ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, ում պետք է մեծ շնորհակալություն հայտնել:
Շնորհակալությունը շնորհակալությամբ, բայց վերջին մեկ և կես տարին ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը կառավարումից չեն հասկանում: Ոչինչ չեն հասկանում:
Հակառակ դեպքում հեղափոխությունից 1.5 տարի անց ջղաձգված Փաշինյանը չէր հայտարարի, որ իր պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը և չէր ասի, որ այդ համակարգում հասարակ ռազմավարություն գրելու պոտենցիալ անգամ չկա: Սա, իհարկե, ծանր վիրավորանք ու խիստ ծանր մեղադրանք է, որն արժանի է մանրամասն քննարկման:
Թե ինչից, կամ ումից է դժգոհում Փաշինյանը, մեծ հաշվով պարզ չէ: Որովհետև ստեղծված իրավիճակում, եթե կա մեղավոր, ապա դա հենց ինքն է: Մեկ անգամ չէ, որ ասվել է՝ 1.5 տարին լիովին բավարար էր տարբեր ոլորտային խնդիրներ հասկանալու, լուծումներ գտնելու ու ճիշտ ուղղությամբ տանող առաջադրանքներ իջեցնելու համար: Բայց դրա փոխարեն՝ մենք տեսանք հնդուհավի պես փքված երիտասարդների, որոնք, իրենց ընտրյալ լինելու մտքից շփացած, անընդհատ լռեցնում էին բոլորիս ու պնդում, որ գիտեն՝ ինչ է պետք անել: Օրերից մի օր նրանք հայտարարեցին, որ անելու են օպտիմալացում, ինչին մենք դեմ չէինք, քանի որ օպտիմալ բանը, ամեն դեպքում, ավելի լավ է, քան ոչ օպտիմալը: Սակայն արդյունքում մեկ նախարարության մեջ միավորվեցին իրարից տրամագծորեն տարբեր ոլորտներ՝ ձևավորելով ֆրանկենշտեյն նախարարություններ, որոնք կառավարել անհնար է: Ապա ավանդաբար որոշակի ֆիքսված գործառույթների շրջանակ իրականացնող կառույցների պատվիրակվեցին նոր՝ նախկինում չլսված գործառույթներ, որից նրանք շփոթվեցին ու ձախողվեցին: Օրինակ՝ ԱԱԾ-ին հանձնարարվեց զբաղվել կոռուպցիոն երևույթների բացահայտմամբ, իսկ սոցիալական հարցերի նախարարությանը՝ գյուղական ծրագրեր անել:
Բայց վարչապետի ջղաձգումն առաջ բերած խնդրի կարևորագույն պատճառը, իհարկե, կադրերն են: Փաշինյանը չի հանդուրժում ու երբեք չի հանդուրժել իրենից խելացիներին, ինչի վառ ապացույցն է, որ նրա թիմում ընդգծված երկրորդ, անգամ երրորդ համար չկա: Եվ այդ ոչ այնքան խելացի մարդիկ, իրենց մինչհեղափոխական կյանքում չդառնալով ոչնչի մասնագետ, նշանակվեցին կարևորագույն ոլորտների նախարարներ, ու մեր աչքի առաջ ձախողում են այդ ոլորտները: Մենք լավ գիտենք, որ պետական ապարատում ներդրված է Mulberry համակարգը ու վարչության պետը, առանց նախարարի ստորագրության, վարչապետին ոլորտի ռազմավարություն ուղարկել չի կարող: Այսինք՝ 3-րդ դասարանի գիտելիքներ ունենալու մեջ վարչապետը մեղադրում է ոչ թե պետական համակարգին, որն ընդդիմանում է, այլ իր նշանակած նախարարներին:
Ու եթե աշխարհում նախագահ ու նախարար են դառնում մարդիկ, ովքեր իրենց ոլորտում հաջողել են ու կայացել, ապա «նոր» Հայաստանում պաշտոն ստանալու ու գլուխ գովելու միակ առիթը դարձավ այն, որ մինչև հեղափոխությունը նրանք ոչինչ չեն ունեցել, և անգամ լվացքի մեքենան է ձեռք բերվել վարկով. փաստեր, որ Փաշինյանից լավը չեն եղել: Իսկ եթե լվացքի մեքենա էլ չես կարողացել գնել, ուրեմն դու վատ աշխատակից ու վատ կառավարիչ ես եղել, և առավել ևս, պետությունը քո մասշտաբը չէ:
Ստեղծված իրավիճակը շատ նման է ազգությամբ հրեա հեղինակ Յուվալ Նոյ Հարարինի նկարագրած մի իրավիճակի: Իր «Հոմո սապիենս» գրքում խոսելով մոլորակի դժբախտությունների մասին՝ նա ասում է, որ մոլորակի հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ չափազանց շուտ բարձրացան սննդային շղթայում: Նա ասում է, որ եթե վագրին 3 մլն տարի էր պետք, որպեսզի սննդային շղթայում առաջնային տեղ զբաղեցներ, ապա հոմո սապիենսը դա արել է ընդամենը 300.000 տարում: Նա ասում է, որ այս երևույթը չի կարելի համեմատել այն իրավիճակի հետ, երբ գայլերի ձեռքում հանկարծ ատոմային ռումբ հայտնվի, այլ որ ատոմային ռումբ հայտնվի գառների ձեռքում:
Երիտասարդները, որոնք հին Հայաստանում ձախողվել են SMM մասնագետի հաստիքում, այսօր զինված են նախարարական աթոռներով: Եթե ինձ զսպեմ ու չխոսեմ այն մասին, որ այս նշանակումներով նախարարի պորտֆելը անորոշ ժամանակով արժեզրկել ենք, ապա առնվազն կարելի է ասել, որ ստեղծված իրավիճակը շատ վտանգավոր է:
Ու նման կադրերի ղեկավարը դեռ խոսում է տնտեսական հրաշքից: Մեծ հաշվով այո, եղել է տնտեսական հրաշք. հրաշք է, որ վարչապետի բնորոշմամբ 3-րդ դասարանի կրթությամբ այս մարդիկ 1.5 մլն դրամ աշխատավարձ են ստանում: Այլ՝ ավելի արդար իրականության մեջ դա կլիներ բացառված:
Այսօր հայտարարելով, որ պետական ապարատը դիմադրում է իրեն ու նա ապագայում պլանավորում է ջարդել այդ դիմադրությունը, Փաշինյանը հերթական անգամ նշանակում է մեղավոր ու սկսում պայքարել մեղավորի դեմ: Նկատենք՝ պայքարում է ոչ թե առաջընթացի համար, այլ մեղավորի դեմ: Գուցե չհասկանալով՝ նա կրկին պատասխանում է սխալ հարցի. փոխարենը հարց առաջ քաշելու՝ թե ի՞նչ անենք, որ լինի լավ, նա պատասխանում է հետևյալ «Այդ ո՞ւմ պատճառով է այսօր վատ» հարցին:
Մեծ հաշվով սա դասական անհաջողակ հեղափոխականի վարք է. սեփական անունակությունն արդարացնել թշնամիներ նշանակելով: Ոչ վաղ անցյալում բոլշևիկները պետության թշնամի էին նշանակում հարուստներին ու փիարվում նրանց ֆոնին՝ անընդհատ համոզելով, որ կլավանա, մի օր... Նույնն անում է մեր անհաջողակը:
Երեկ վատ էր Քոչարյանի ու Մանվելի պատճառով, այսօր՝ Թովմասյանի ու պետական համակարգի պատճառով: Ասես անվերջանալի պատերազմ լինի հողմաղացների դեմ: Ու նա դեռ մեզ համոզում է, որ վատ է ու չի ստացվում, որովհետև ամբողջ իշխանությունն իրենը չէ: Բայց խնդիրն այն է, որ այդ ամբողջն այդպես էլ չի ավարտվելու, չի ավարտվելու հեղափոխություն կոչվող սերիալը ու թևակոխելու է նոր եթերաշրջաններ: Ու միշտ մի մուկ, մի ձուկ գտնվելու է, որը դեռ «փռված» չէ ու պողոսներով որոշելու են, որ դրա պատճառով է, որ դեռ վատ է ու չի ստացվում:
Այնինչ, նա երևի այդպես էլ չի հասկանալու, որ չստացվեց, որովհետև կադրերը վատն էին, որովհետև նա ապաշնորհ էր, գավառական ու չար: Որովհետև ստեղծեց համակարգ՝ կառավարման հոգեբանությանը ճիշտ հակառակ սկզբունքներով. համակարգ, որը հրահանգներին չի արձագանքում անունակության պատճառով: Չի ստացվում, որովհետև չարությամբ չեն կառուցում, չարությամբ միայն քանդում են: Չի ստացվում, որովհետև շատ լավ գլուխների պիտակավորեց՝ ներգրավելու փոխարեն: Իսկ պիտակավորեց, որովհետև չուզեցավ լինել բոլորի վարչապետը, այլ՝ միայն քայլած ապաշնորհների:
Ու շատ տրամաբանական է, որ ցածր ՕԳԳ-ով այդ գործողություններից հետո Կառավարության շենքի դիմաց բողոքողների թիվն օրեցօր աճում է: 1.5 տարի առաջ 100.000 մարդ դուրս եկավ փողոց՝ իրեն անհանգստացնող 100.000 խնդրի պատճառով: Հեղափոխությունը լուծեց միայն նրանցից մեկի խնդիրը՝ մերժել ու դառնալ վարչապետ:
Ու հները պետք է գան: Նրանք չգալ չեն կարող: Այն հները, որոնք կրթվել են, աշխատել են, ստեղծել: Այն հները, որոնք շմայսները չեն: Այն հները, որոնք սպիտակ են եղել խավարում: