Pastinfo.am-ը գրում է.

Մեծամասնության համար՝ թավշյա հեղափոխության, փոքրամասնության համար՝ բռնի իշխանափոխության վաղ շրջանում մարդիկ միմյանց հետ զրուցելիս հաճախ էին կրկնում իրավիճակ ա փոխվել: Նույնիսկ երգեր էին գրվում այս համատեքստում: Եվ միայն ամիսներ անց մեծամասնությունը պիտի հասկանար, որ մեծ հաշվով, իրավիճակի փոփոխություն եթե եղել է, ապա, այն ընդամենը շատ կոնկրետ բնագծում կարելի է դրական անվանել:

Այսպես, եկեք սկսենք դրականից: Չուրանանք, ասենք, որ այն հիմնականում կապված է ճանապարհաշինության հետ: Օրինակ, Երևան-Տավուշ ճանապարհը, նույնիսկ գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել, որոնց մասին այսօր հաճախ կարելի է լսել: Կամ, ասենք, շատերը գոհունակությամբ են նշում, որ Երևան-Թիֆլիս ճանապարհին եթե նախկինում մարդիկ Հայաստանից դուրս գալուց հետո էին խորը շունչ քաշում, հիմա հակառակն է՝ Հայաստան մտնելով են լավ ճանապարհով երթևեկելու զգացողություն ունենում: Անկեղծ ասած, իշխանափոխությունից հետո այդ ճանապարհներով չեմ անցել, բայց ընկերներիս խոսքին վստահում եմ:

Այլ բնագավառներում, իշխանափոխությամբ պայմանավորված դրական տեղաշարժեր, ըստ էության, չեն եղել: Աղետի գոտին է նշվում, բայց Շիրակի և Լոռու մարզերում բնակապահովման ծրագրերի մասին երբ խոսք է գնում, պիտի պարզապես հասկանալ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների հանդեպ պետության պարտավորություններն են բյուջետային միջոցներով շարունակվում, որն 2020 թվականին պիտի ամբողջությամբ ավարտված լիներ, ավելին, 2017-18 թվականներին արդեն իսկ Գյումրին զարգացման ծրագրերի իրականացման փուլ էր մտել, այդ ծրագրերի մի մասն էլ՝ սկսված էին:

Ի դեպ, նախկինից փոխանցված վարկային ծրագրի համատեքստում է իրականացվում նաև սպառազինության բնագծում Հայաստանի վերջին 1-2 տարվա համալրումները:

Ասել է թե՝ շարժ կա պետբյուջեի միջոցներով ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի մասով և աղետի գոտում. այլ ուղղություններով, պարզապես տեղապտույտ է կամ հետընթաց: Սկսած՝ արդարադատության իրականացումից, մարդու իրավունքներից ու ազատություններից, կառավարման ոլորտից, ավարտած՝ կյանքի թանկացմամբ և գնաճի հարաճուն տեմպերով…

Ինչ վերաբերվում է հասարակական մթնոլորտին, ներքին կյանքին, ազգային համերաշխությանը, ընդհանրապես, մարդկային հարաբերություններին, ապա այս համատեքստում Փաշինյանի իշխանության ժամանակ բացասական շեշտադրումները ակնհայտ են: Ազգը պառակտված է, վարչապետն անձամբ է բաժանարար գծեր գծում և խորացնում դրանք:

Ազգային արժեքային համակարգերը՝ մայրենի լեզուն, Հայ առաքելական եկեղեցին, պատմությունն ու ազգային մշակույթը, այլ խոսքով՝ ազգի բոլոր հոգևոր դաշտերը թիրախի տակ են: Իսկ Հայաստանի, Արցախը՝ ներառյալ, անվտանգությունն անկախության ողջ ընթացքում երբեք ավելի փխրուն ու անորոշ վիճակում չի եղել, քան այսօր է:

Նիկոլի թվին, իրավիճակ է փոխվել, այո, բայց ժողովրդի կյանքում, ոչ՝ «Դըբա լավը»՝ ինչպես լոռեցին կասեր: Իշխանությունը ինչպես սկզբում, այսօր էլ ժողովրդին շարունակում է ցուցադրական ներկայացումներով, շոուներով կերակրել: Հաց և տեսարան՝ փորձված սկզբունքի համաձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել