«Երկու Պապ» ֆիլմի սցենարը, որը գրել է էնթոնի Մաքքարթենը, կարելի է ընթերցել դեկտեմբերի 20-ին Netflix-ի հարթակում ժապավենի թողարկումից առաջ: Այդ մասին հայտնել է Deadline-ը:
էնթոնի Հոփքինսը եւ Ջոնաթան Փրայսը կինոնկարում մարմնավորել են Հռոմի Բենեդիկտոս 16-րդ եւ Ֆրանցիսկոս պապերին: Առաջինը կամավոր թողնում է գահը եւ տեղը զիջում երկրորդին: Ֆիլմի սցենարը գրելուն Մաքքարթենին ոգեշնչել է այցը Վատիկան եւ արարողությանը մասնակցելը: Արդյունքում նա սկսել է խորհրդածել այն մասին, թե ինչպես է առաջադեմ արգենտինացի քահանան պաշտոնում փոխարինել դեռ կենդանի պահպանողական նախորդին: «500 տարվա ընթացքում առաջին անգամ մենք ունենք Հռոմի երկու կենդանի պապ, նրանք բազմաթիվ տարաձայնություններ ունեն, եւ, դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուրն իրավացի է: Այդ իրադրությունն ինձ շատ հետաքրքիր թվաց»,-պատմել է սցենարիստը:
Ֆիլմը, որն անվանակարգվել է «Ոսկե գլոբուսի», կինոթատրոններում ցուցադրվել է սահմանափակ վարձույթով, իսկ նրա պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Թելլուրիդի (Կոլորադո) կինոփառատոնում, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին: