ԽՍՀՄ առաջնորդ, Հոկտեմբերյան հեղափոխության կարկառուն դեմք Վլադիմիր Լենինին դժվար էր էմոցիոնալ որևէ վիճակում գտնել։ Նա անգամ իր ամենամտերիմ ընկերների հետ էր պատրաստ վիճել, եթե վերջիններիս հայացքները չէին համապատասխանում իր հեղափոխական գաղափարներին, իսկ գնդակահարության դատապարտած մարդկանց թիվը խոսում էր նրա անողոքության մասին։ Սակայն այս աշխարհում կային երկու կին, ում հանդեպ Լենինը թուլություն ուներ՝ իր կինն ու Ինեսա Արմանդը, ում համար էլ Լենինը քիչ էր մնում՝ բաժանվեր իր կնոջից ու կյանքը երկրորդ անգամ մեկ ուրիշի հետ կապեր։ Ո՞վ էր առեղծվածային գեղեցկուհին, որ խելքահան էր արել ԽՍՀՄ առաջնորդին։ 

Արմանդը 35 տարեկանում հասցրել էր արդեն երկու անգամ ամուսնանալ ու երկրորդ ամուսնու շնորհիվ սկսեց ավելի լավ հասկանալ սոցիալ-դեմոկրատիայի ամբողջ խորությունն ու տարվել հեղափոխական գաղափարներով։ Շուտով նրա հեղափոխական գաղափարների պատճառով նրան Սիբիր ուղարկեցին, որտեղից էլ կինը փախավ Շվեյցարիա։ Շուտով Արմանդը մնաց լրիվ մենակ․ նրա ամուսինը մահացավ, իսկ ինքն էլ ստիպված էր խնամել իր 5 երեխաներին։ 

1909թ.-ին տեղի ունեցավ ճակատագրական հանդիպումը. Ինեսան հանդիպեց իր իդեալի՝ Լենինի հետ, ում աշխատանքների շնորհիվ էր նա տոգորվել հեղափոխական գաղափարներով։ Նրանք հանդիպեցին Փարիզում ու բավական երկար ժամանակ միասին էին աշխատում։ 

Կոլեգաները նշում էին, որ նրանց մեջ ավելին էր, քան պարզապես ընկերությունը։ Նրանք իրար տարօրինակ սիրառատ հայացքներով էին նայում ու կարող էին ժամերով իրար հետ խոսել տարբեր թեմաների շուրջ։ Այսպիսի զրույցները հաճախ տարբեր խոսակցությունների առիթ էին դառնում, որոնք հետագայում հաստատվեցին. Ինեսան ու Վլադիմիրը կրքոտ սիրախաղի մեջ էին, սակայն ինչքան էլ դժվար լինի հավատալ, Լենինի կինը չէր խանդում Ինեսային, ու նրանք բավականին ընկերացել էին։ Այս երկուսը իրար մասին միայն դրականն էին խոսում ու դարձել էին Լենինի հաշտ ու համերաշխ երկու կանայք։ 

Ինչքան էլ որ նրանք իրար հետ հաշտ լինեին, Լենինը արդյունքում ընտրեց իր կնոջը։ Ինեսան մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց իր իդեալին ու սիրելիին։ Նա մասնակցեց Հոկտեմբերյան հեղափոխությանն ու չնայած ուներ Ֆրանսիայի քաղաքացիություն, մինչև կյանքի վերջը մնաց Մոսկվայում, որտեղ ապրում էր անմխիթար պայմաններում։ Ինեսան մահացավ խոլերայից, ու Լենինը թաղման արարողության ժամանակ անգամ չէր կարողանում բացել աչքերը նրա գերեզմանին նայելու համար։ Ժամանակակիցները նշում են, որ Լենինի կյանքի ամենածանր օրերից էր դա։ ԽՍՀՄ ղեկավարն այդ օրն առաջին անգամ ցույց տվեց, որ ինքն էլ կարող է թույլ ու էմոցիոնալ լինել՝ հոգու խորքում դեռ սիրելով իր վաղեմի «ընկերոջը»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել