Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած (International Republican Institute, IRI) զեկույցից հետո իշխանությունները պետք է պարզապես վերջ տան Սահմանադրական դատարանի հանդեպ բոլոր գործընթացներին, որոնց հիմքում ընկած են ինչ-որ միֆական պնդումներ ՍԴ-ի հանդեպ ժողովրդի անվստահության մասին, ուղղակի անցնեն առաջ՝ նորմալ պետականաշինություն իրականացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Ըստ IRI զեկույցի՝ Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը՝ 40 %: Դատախազությունը վայելում է 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 % վստահություն:

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց՝ պետք է հաշվի առնել, որ այդ 40 % ցուցանիշը գրանցվել է իշխանությունների կողմից ՍԴ-ի  հասցեին հակաքարոզին զուգահեռ, այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ այս ցուցանիշը կարող էր շատ ավելի բարձր լինել, եթե չլիներ այդ հակաքարոզը:

«Քաղաքական իշխանությունն իր ունեցած բարձր վարկանիշն ամեն կերպ օգտագործում է ՍԴ-ն վատաբանելու, դրա վարկանիշը նվազեցնելու համար: Նրա կողմից այդ վատաբանող վերաբերմունքը չենք տեսել, օրինակ, Դատախազության նկատմամբ, բայց նույնիսկ այդ դեպքում վերջինիս ցուցանիշն ավելի ցածր է, քան՝ ՍԴ-ինը»,-ասաց իրավաբանը՝ նշելով, թե, փաստորեն, իշխանության ջանքերը դրական արդյունք չեն տվել, և ամեն 5-ից 2-ը վստահությամբ է վերաբերվում ՍԴ-ին, ինչն էլ, ըստ Մելիքյանի, խոսում է հասարակության հասունացման մասին:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադրի խոսքով՝ հետաքրքիր է նաև, որ այս հետազոտությունը զուգադիպեց երեկ ԱԺ-ի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունմանը, որով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել