Միմյանց սեւացնելու, մանիպուլյացիոն հոդվածներ հրապարակելու, մարդկանց մոլորեցնելու եւ նման այլ փորձերին զուգահեռ, պետք է կարողանալ դատել սառը, խոսել փաստերով եւ հիմնավորումներով։ Հրապարակային տարբերակով ստորեւ արձանագրում եմ փաստեր, որոնցից խուսափել ո՛չ Մելիքբեկյանը, ո՛չ նրա համակիրները չեն կարող։

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՖՖ ներկայացուցիչները հայտարարում են, որ Փյունիկ ՖԱ առաջադրած նախագահի թեկնածու Արսեն Աղաջանյանը չի համապատասխանում չափորոշիչներին։ Որպես հիմնավորում՝ ցուցադրվում է Կիպրոսի ՖՖ-ի ներկայացրած փաստաթուղթը, իբր Ա․ Աղաջանյանը այդ երկրում որեւէ ֆուտբոլային գործունեություն չի ծավալել։ Այնուհետեւ տեղեկացվում է, որ կան այլ փաստաթղթեր, որոնք փաստում են, որ Ա․ Աղաջանյանը ֆուտբոլային գործունեություն է ծավալել, բայց սիրողական լիգայում։ Այս փաստաթղթերը ՖՖ-ի կողմից համարվում են ոչ բավարար, մինչդեռ ՀՖՖ գործկոմի անդամների ընտրության ընթացակարգում որպես չափորոշիչ նշված է՝ վերջին 5 տարուց առնվազն երկուսը ծավալել ֆուտբոլային գործունեություն (ֆուտբոլիստ կամ պաշտոնյա անձ)։ ՀՖՖ-ն չի պարտադրում ո՛չ պրոֆեսիոնալ, ո՛չ ռեգիոնալ չափորոշիչներ։ Եզրակացություն՝ որոշումը չի կարող օրինական համարվել։

Դեկտեմբերի 9-ին Արմեն Մելիքբեկյանը ՎԻԴԵՈ տարբերակով հարցազրույց է տալիս Վիվառոնյուզին, որի ամբողջական տարբերակը հրապարակվում է հաջորդ օրը։ Հարցազրույցի սկզբում լրագրողը հարցնում է՝ «Ի՞նչ խնդիր կարող էր հարուցել նրանց (նկատի ունի՝ Խ․ Հովհաննիսյանի եւ Թ․ Գրիգորյանի) ՀՖՖ Նախագահ դառնալը»։

Պատասխանի սկզբում Ա․ Մելիքբեկյանը փորձում է «կատակել» ու մեջբերում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունը, այնուհետեւ 3 րոպե 15 վայրկյան խոսում է։ Այդ ընթացքում որեւէ տեղ չի հնչում լրագրողի հարցի կոնկրետ պատասխան, այլ միայն սեփական անձի ու սեփական ծրագրերի մասին մակերեսային խոսքեր եւ պրոֆեսիոնալ լիգայի անհրաժեշտության մասին ընդգծում։
Ա․ Մելիքբեկյանը հարցազրույցում հայտարարում է, որ ՀՖՖ Ժողովի կազմում պետք է լինեն 70-80 ՀԿ-ներ, որպեսզի բոլոր շահառուները կարողանան ունենալ իրենց խնդիրները բարձրաձայնելու իրավունք։ Պետք է հիշեցնել, որ Ժողովը ՀՖՖ Բարձրագույն մարմինն է, որի պարտականությունները գրեթե հստակ ամրագրված են ՀՖՖ վերջին կանոնադրությունում։ ՀՖՖ Ժողովը «կիսաբաց լուսամուտները» կամ epress.am կայքը չէ, որպեսզի լսի ու բարձրաձայնի այլ անձանց կամ կազմակերպությունների խնդիրների մասին։ Նման գործառույթով զբաղվելու համար Ժողովն ընտրում է ՀՖՖ նախագահ, փոխնախագահ, գլխ․ քարտուղար, ձեւավորված է եւ գործում է ՀՖՖ շտաբ-գրասենյակը՝ իր մեծ կառուցվածքով։

Բազմաթիվ քննադատություններին ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի եւ նրա օգնականների վերաբերյալ Ա․ Մելիքբեկյանը միայն ծիծաղում է՝ չկան հակափաստարկներ, չկան հիմնավորումներ, կան պարզապես նրա խոսքերը։ Գլխ․ քարտուղարը հայտարարում է, որ Մելենդեսի աշխատավարձը կոնֆիդենցիալ ինֆորմացիա է։ Հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը հայտարարում է, որ ամենուրեք պետք է տիրի թափանցիկություն եւ շիտակություն, ցանկացած հայ կարող է իմանալ՝ որքան աշխատավարձ է ստանում երկրի թիվ մեկ անձը՝ Վարչապետը, պատգամավորները, նախարարներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց Մելենդեսի աշխատավարձը՝ ոչ։

Ինչպես նաեւ անհասկանալի է՝ ինչպես են ամբողջ համացանցում իրենց մասին 0 ինֆորմացիա ունեցող մարդիկ՝ Ռուբեն Լեսկանոն (ասում են՝ Մելենդեսի փեսան է) եւ 60-ն անց Անտոնիո Ֆլորեսը հայտնվել մեր ֆուտբոլում։
Վերջինս սեպտեմբերին հրապարակած Մ21 հավաքականի հայտացուցակով ցույց տվեց, որ առանձնապես հետաքրքրված եւ ինֆորմացված չէ հայկական ֆուտբոլից, չգիտի անհրաժեշտ ֆուտբոլիստների մասին տեղեկություններ։

Թե՛ Մելենդեսը, թե՛ Մելիքբեկյանը վերջին շրջանում պարբերաբար մոռանում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ հայկական ֆուտբոլը բացառապես պատկանում են հայ ժողովրդին, ֆուտբոլային ընտանիքին, ֆուտբոլային բոլոր շահառուներին եւ ոչ թե որեւէ անհատին։
Ա․ Մելիքբեկյանը հայտարարում է, որ անչափ կարեւորում է մարզերում 40X20 դաշտերի կառուցումն ու դրանք անվանում ենթակառուցվածքներ։ Պետք է միշտ հիշել, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով, դրանք պարզապես դաշտեր են, եւ ոչ ենթակառուցվածքներ։ Ենթակառուցվածքներ են Ավանի, Գյումրիի, Վանաձորի, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիաները։ Պետք է ճշտել՝ 2018-ին խոստացած 700 խաղադաշտերը, եթե կառուցվելու են, ապա ինչպես են կառուցվելու 5 տարում, եթե 1 տարի եւ 2 ամիս անց կառուցվել է ընդամենը 50-55-ը։

Պետք է հարցնել նաեւ, ինչու արդեն մեկ տարի չի ավարտվում Արմավիրի եւ Վանաձորի քաղաքային ստադիոնների, Սեւանի մարզադպրոցի շինարարական աշխատանքները, որոնք մինչեւ նոր ղեկավարության նշանակումն ընթացել են ակտիվ հունով։

Ա․ Մելիքբեկյանը նշում է, որ ՀՖՖ-ն հովանավորներից ստացած գումարը բաշխում է ակումբների մեջ։ Հետաքրքիր է, որ Վիվառո ընկերության հետ կնքած պայմանագրի արդյունքում ՀՖՖ-ն ակումբներից յուրաքանչյուրին հատկացրեց 5 միլիոն դրամ։ Ավելի հետաքրքիր է, որ մի քանի օր անց Բարձրագույն խմբի ակումբները 4,5-ական միլիոն դրամ վճարեցին ՀՖՖ՝ որպես առաջնության մուտքավճար։
Մեկ օր անց Մելիքբեկյանը ՏԵՔՍՏԱՅԻՆ տարբերակով հարցազրույց է տալիս ArmFootball.com կայքին։ Այդ հարցազրույցի սկզբում Ա․Մ․-ն միանգամից «գրոհի է անցնում»՝ հայտարարելով, որ Ռուբեն Հայրապետյանը սատարում է Թովմաս Գրիգորյանին, դա երեւում է բազմաթիվ գործոններով եւ չի էլ թաքցվում։ Հայրապետյանը հանդիպում է տարբեր մարդկանց հետ։ Ստացվում է, որ ՀՖՖ Գլխավոր քարտուղարը, նախագահի թեկնածուն դեռ չընտրված անում է անպատասխանատու հայտարարություններ, որի հիմնավորումներն ու ապացույցները որեւէ կերպ չի կարող ներկայացնել, քանզի անհնար է հիմնավորել գոյություն չունեցող եւ սուտ երեույթներ։ Զավեշտալի է, որ Թովմաս Գրիգորյանի վերաբերյալ հարցին մեկ օր առաջ Մելիքբեկյանը տեսախցիկների առաջ լրիվ այլ պատասխան է տալիս։

Նա նաեւ հայտարարում է, որ այս ընթացքում ՀՖՖ վարչական ռեսուրս չի օգտագործում։ Տեղեկացնում եմ, որ ՀՖՖ ավտոմեքենան, ՀՖՖ շտաբ-բնակարանը համարվում են վարչական ռեսուրս, որը նա դեռ շարունակում է օգտագործել, իսկ ՀՖՖ աշխատակազմը մարդկային ռեսուրս է, որը ենթարկվում է նրան։ Ի դեպ, այն պահին, երբ Գործկոմը նրան լիազորել է պաշտոնավարել մինչեւ հաջորդ Ժողովը, Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրված եւ ընդունված չի եղել, ինչը էականորեն փոխում է իրավիճակը։
Մելիքբեկյանը հայտնում է, որ ակումբները պետք է ստեղծեն պրոֆեսիոնալ լիգա, քանի որ, մեջբերում եմ՝ «Այժմ հենց խնդիրներ են լինում, ասում են մեղավոր է ֆեդերացիան: Երբ պրոֆեսիոնալ լիգա կլինի, նրանք ինքները կկառավարեն և այդ ժամանակ կհասկանան խնդիրները` միգուցե ավելի արդյունավետ լուծում գտնելով: Իսկ ֆեդերացիան կզբաղվի մանկապատանեկան ու մարզային ֆուտբոլի զարգացմամբ, ինչպես նաև և ազգային հավաքականներով»։
Մի քանի հարց հետո, ի պատասխան մրցավարության վերաբերյալ հարցերին, Մելիքբեկյանը նշում է, որ լրջորեն աշխատանքներ են տանում VAR համակարգը Հայաստան բերելու համար։
Սեփական խոսքերի հակասությունն ու չկողմնորոշվածությունը զգացնել է տալիս, քանի որ մի կողմից վերջինս ցանկանում է խուսափել նման ծանր բեռից ու պատասխանատվությունից՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլը բարդելով ակումբների վրա, մյուս կողմից չի կարող անտեղյակ հանրությունից խուսափել, ու հայտնում է, որ միեւնույնն է՝ մրցավարների հարցերով զբաղվելու է ՀՖՖ-ն։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ։ Արմեն Մելիքբեկյանը չունենալով որեւէ կազմակերպություն/բիզնես/կրպակ կառավարելու փորձ, կարիերայի մեծ մասն անցկացնելով դասախոսությամբ եւ լրագրությամբ զբաղվելով, վերջին օրերին ընդգծեծ դեմագոգիայի հանդեպ իր մեծ սերը եւ հասկանալի դարձրեց, որ պատրաստ չէ եւ ունակ չէ լինել ՀՖՖ նախագահ եւ իր վրա վերցնել նման մեծ պատասխանատվություն։ Հանուն արդարության նշեմ, որ Ա․ Մելիքբեկյանը ֆուտբոլի մեծ գիտակ է, հիանալի լրագրող, լավ հիշողություն ունի։ Նրա գիտելիքները կարող են պետք գալ ՀՖՖ—ին, բայց որպես խորհրդական/գործկոմի անդամ։

Փաստը՝ փաստի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել