Այս օրերին աշխատանքային այցով կրկին ԱՄՆ-ում էր գտնվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Սա վերջին չորս ամիսների ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի արդեն երրորդ այցն է ԱՄՆ: Զարեհ Սինանյանը սեպտեմբերի վերջերին մաս էր կազմում ԱՄՆ ուղևորված ՀՀ վարչապետի պատվիրակությանը, իսկ ընդամենը շաբաթներ անց՝ հոկտեմբերին, կրկին ԱՄՆ-ում էր, այս անգամ՝ աշխատանքային այցով:
Հետևելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջին՝ պարզվում է, որ նոյեմբերի 15-ից 17-ը գործուղմամբ Ուկրաինայում գտնվող Զարեհ Սինանյանը նոյեմբերի 29-ին կրկին Ուկրաինա է ուղևորվել, այս անգամ՝ իհարկե, աշխատանքային այցով:
Հունիսին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակված Զարեհ Սինանյանն անցած շուրջ 7 ամիսների ընթացքում հասցրել է երկու անգամ (հուլիս և սեպտեմբեր ամիսներին) Ռուսաստան, իսկ օգոստոսին՝ Կիպրոս այցելել:
Այս ընթացքում ոչ մի խոսք ավանդական սփյուռքը ներկայացնող Իրան, Սիրիա, Իրաք, Լիբանան... այցելության և հիշյալ երկրների համայնքների հարցերին ու մտահոգություններին ծանոթանալու մասին, իհարկե, եթե բացառենք Լիբանանի դեսպանի հետ հանդիպումը:
Ի դեպ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այս ընթացքում, Լիբանանի դեսպանից բացի, ընդունել է Իտալիայի, Ֆրանսիայի, Իսրայելի և Ռուսաստանի դեսպաններին:
Իրան ու Սիրիա այցերի դեպքում նկատվող բացը կարող է ունենալ իր պարզ բացատրությունը, որն ինչ-որ տեղ առնչվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ամերիկյան քաղաքացիության հետ: Չի բացառվում, որ ժամանակին ԱՄՆ-ի պետությանը հավատարմության երդում տված Զարեհ Սինանյանին մտահոգում են ԱՄՆ-ի հետ թշնամի երկրներ այցերի և հիշյալ երկրների իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների հնարավոր բացասական հետևանքները:
Նման մտահոգություններից ու սահմանափակություններից զերծ մնալու պատճառով է, որ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ կառավարության անդամներին պահանջ է ներկայացվել վերջին չորս տարիների ընթացքում լինել միայն Հայաստանի քաղաքացի ու մշտական բնակություն հաստատած լինել Հայաստանում, որը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի նշանակման դեպքում հենց այնպես էլ չհարգվեց: