Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի բնակչուհին փրկել է իր կատվին, որը 20 րոպե մնացել է աշխատող լվացքի մեքենայի մեջ, հաղորդում է Daily Star-ը:

Պոզի անունով փիսիկը մտել է լվացքի մեքենայում գտնվող հագուստի տակ: Նրա տիրուհին՝ Քորթնի Դրարին, չի նկատել դա և միացրել է լվացքի մեքենան:

22-ամյա բրիտանուհին մլավոցի ձայներ է լսել՝ չկարողացավ հասկանալ, թե որտեղից է այն լսվում: 20 րոպե անց նա հասկացել է, որ կատուն լվացքի մեքենայի մեջ է:

Դրարին բացել է մեքենայի դուռը, և թաց հագուստի հետ միասին, դուրս է ընկել նաև Պոզին: Փիսիկը կյանքի ոչ մի նշան ցույց չի տվել: Տիրուհին նրան սիրտ-թոքային վերակենդանացում է արել, որը սովորել էր մի քանի շաբաթ առաջ, և մլավոցի ցածր ձայն է լսել: Դրանից հետո նա Պոզիին տարել է կենդանաբույժի մոտ:

Հաջորդ օրը մի քանի ամսական կատուն «խելքի է եկել» և սկսել է վերականգնվել: Կենդանաբույժն ասել է, որ եթե Դրարին սիրտ-թոքային վերակենդանացում չաներ՝ Պոզին չէր փրկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել