Պատրաստվում եմ դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Վաչիկի Հակոբյանի (097) կողմից 2019 թվականի դեկտեմբերի 9-ին արված «Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի» արտահայտությունը քննելու հիմքով էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Պատգամավորական էթիկայի կանոններն են`
․․․
2) հարգել հանրության բարոյական նորմերը.
․․․
6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
7) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
․․․:
Գտնում եմ, որ Հրաչյա Վաչիկի Հակոբյանի ելույթում արտահայտված միտքը խախտում է նշված օրենքի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները՝ հարգելու հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստելու Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորելու պատգամավորին վայել վարքագիծ, որոնց իրավական հիմնավորումները մանրամասն կշարադրվի ներկայացված դիմումում։