«Սիրուն Սոնա». այսպես է կոչվում ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը, որը ATV-ով կհեռարձակվի հունվարի 6-ին: Այս ընթացքում ստեղծագործական խումբը նկարահանումներ է անում, որին մասնակցել է նաև BlogNews.am-ը:

«Սերիալը մի աղջկա մասին է, ով պայքարում է անարդարության դեմ: Մենք փորձում ենք հերոսուհու միջոցով ցույց տալ, թե ինչ խնդիրների կարող ենք բախվել մեր առօրյայում: Հայ գրականություն կարդացած երիտասարդները, վստահ եմ, գիտեն, թե սիրուն Սոնան որ կերպարն է. Շիրվանզադեի «Չար ոգին» կարդացած կլինեն շատերը»:

Այն հարցին՝ արդյո՞ք բոլոր դերասանները քասթինգի են մասնակցել, Ելենան նշում է. «Այո, բոլորն անխտիր: Կային երեք հաստատված դերասան, որոնց փոխել եմ նկարահանումից մեկ օր առաջ: Գուցե շատերի համար ասածս արտառոց թվա, ես չեմ կարող բացատրել, թե ինչպես եմ դա անում, պարզապես զգում եմ, որ ինչ-որ մի բան այնպես չի գնում: Նկարահանումից մեկ օր առաջ գլխավոր դերակատարուհուն եմ փոխել, Շուշաննա Թովմասյանը կվկայի նաև, որ ես նրան հրավիրել եմ երեկոյան և առաջարկել եմ դերը: Բայց այդ դերի վրա կար հաստատված դերասանուհի, փորձեր էին արել, սակայն վերջին րոպեին ես փոխեցի դերասանուհուն»:  

Ելենան նշում է, որ որևէ դերասանի հետ անձնական խնդիր չունի, ավելին՝ ում որ փոխել է, նախագծում ևս նկարահանվում է. «Ես պարզապես մինչև վերջին վայրկյանը փորձում եմ գտնել դերասանուհու, ով լավագույնս կարող է ներկայացնել դերը: Իհարկե, ցավալի է, տհաճ է, երբ քեզ արդեն հաստատել էին ու հետո փոխում են, բայց նրան վստահել ենք ֆիլմի մեկ այլ ուրիշ դեր»:

Ռեժիսորը սիրում է աշխատել նոր դերասանների հետ, չնայած նշում է, որ բարդ է. «Շատերը կարող են մտածել, թե ինչու եմ ընդգրկում նոր դերասանների, չարչարվում, սովորեցնում աշխատել: Ես կարծում եմ՝ նոր սերնդին անհրաժեշտ են սերիալում և գեղարվեստական ֆիլմերում նկարահանումներ: Գրեթե իմ բոլոր նախագծերում փորձում եմ ներգրավել երիտասարդ դերասան-դերասանուհիներ»:

Որպես զրույցի եզրափակում՝ Ելենան շնորհակալություն հայտնեց իր թիմին, որն օրուգիշեր աշխատում է լավ արտադրանք ստանալու համար. «Անհամբեր սպասում եմ, թե երբ է սերիալը եթերում լինելու, որպեսզի տեսնեմ հեռուստադիտողի արձագանքը: Հիմա շատերը գուցե կմտածեն, որ սերիալային արտադրությունում մենք արդեն երկար տարիներ է՝ աշխատում ենք, բայց փոքրիկ գաղտնիք ասեմ, որ ամեն նախագիծ սկսելիս վախ կա, հուզմունք կա»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել