Երբեք շարքային դաշնակցական չեմ եղել, բայց դեռ վաղ պատանեկության տարիներից ինձ հոգով ու մտքով համարել եմ դաշնակցական, քանի որ ինձ համար Դաշնակցությունը եղել է ոչ թե զուտ կուսակցություն, որի շարքերին կարելի է մի օր անդամագրվել ու հետո շարքերից հեռացվել կամ հրաժարվել, այլ համազգային գաղափարախոսություն, որին կարելի է մի ամբողջ կյանք զինվորագրվել ու ծառայել:
Նույն տրամաբանությամբ այսօր ինձ շատ ավելի դաշնակցական եմ համարում, քան նախկին ու ներկա դաշնակցական իմ այն ընկերներից, ովքեր վերջին օրերին, ՀՅԴ-ի դեմ սանձազերծված քարոզչությամբ տարված, իրենց ֆեյսբուքյան էջերի պատերին կիսվում են Հ. Յ. Դաշնակցության և նրա նախկին ու ներկա ղեկավարության դեմ ուղղված ցինիկ գրառումներով ու ծաղրանկարներով:
Իրանում 1979 թվականի հեղափոխությանը հաջորդած առաջին մի քանի տարիները հեշտ չեղան Իրանի հայ համայնքի համար: Պաշտոններ զբաղեցրած անփորձ հեղափոխականների ընդունած սխալ ու ծայրահեղական որոշումների արդյունքում արգելվեց հայոց ազգային դպրոցներում հայոց լեզվի ու կրոնի առարկաների դասավանդումը, աշխատանքից հեռացվեցին դպրոցների հայ տնօրեններն ու հիշյալ առարկաների դասատուները: Վտանգվեց հայոց ազգային դպրոցների գոյությունը:
Թեև այդ տարիներին որդեգրված պետական քաղաքականության պատճառով իմ սերունդը զրկվեց հայոց ազգային դպրոցներում հայոց լեզվի ու կրոնի դասընթացների հետևելու հնարավորությունից ու պարտավորվեց այդ բացը լրացնել ինքնակրթությամբ, այդուհանդերձ, հայոց դպրոցների կապակցությամբ ընդունված սխալ որոշման դեմ ուղղված դասադուլներն ու բողոքի հանրահավաքները եզակի ու բացառիկ առիթ ստեղծեցին ծանոթանալու ազգային ու ավանդական արժեքների պաշտպանության դրոշակակիր ՀՅԴ-ի գաղափարախոսությանը, որն այդ օրերին ստանձնել էր այդ հանրահավաքների կազմակերպման ու նաև ժողովրդի պահանջները պետական շրջանակների մոտ բարձրաձայնելու պատասխանատվությունը:
Դպրոցների համար ծագած դժվարությանը զուգահեռ համայնքը ղեկավարող թեմական խորհուրդների և հայկական մարզամշակութային միությունների իրավական կարգավիճակի ու աշխատանքի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան: Թեմական խորհուրդների և միությունների գործունեության և իրավական կարգավիճակի հարցը լուծվեց միայն հեղափոխության հաղթանակից շուրջ 20 տարի անց՝ 2000-ական թվականներին, երբ Իրանում իշխանության ղեկին էին գտնվում բարեփոխականները: Մինչ այդ հայկական միությունների հարկի տակ որևէ գրական-գեղարվեստական միջոցառում կամ երգչախմբային համերգներ կազմակերպելու, նաև թատրոններ բեմադրելու համար անհրաժեշտ էր ծրագրի ամբողջ բովանդակությունը թարգմանել պարսկերեն ու արտոնություն ստանալու համար դիմել Իսլամական մշակույթի եւ առաջնորդության նախարարության մեջ հաստատված փոքրամասնությունների հարցերով գրասենյակ: Նույն ընթացակարգը գործում էր նաև գրքերի ու թերթերի հրատարակման դեպքում: Ծայրահեղությունն այն աստիճանի էր հասել, որ նույնիսկ պարտադրանք էր դրվել տարբեր հրատարակություններում փրկչական թվականից առաջ անպայման հիշատակել իրանական թվականը: Այդ դժվար տարիներին դաշնակցական «Ալիք» օրաթերթը գրեթե միակն էր, որ դիմադրեց ու չենթարկվեց այդ ծիծաղելի օրենքին:
Ազգային ու ավանդական արժեքների պաշտպան Հ․ Յ․ Դաշնակցության հովանավորությունն ունեցող ազգային իշխանության անզիջում ու հետևողական պայքարի արդյունքում ժամանակի ընթացքում հնարավոր եղավ փուլ առ փուլ վերականգնել կորցրածը, որի շնորհիվ այսօր Իրանի հայոց ազգային դպրոցներն ապահովված են հայոց լեզվի ու կրոնի առարկաներին հատկացված դասաժամերով, դպրոցներում պաշտոնավարում են հայ տնօրեններ, փոխտնօրեններ ու ուսուցիչներ, պետության կողմից պաշտոնապես ճանաչվել է ազգային իշխանության ու նրան ենթակա կառույցների իրավական կարգավիճակը, վերցվել են գրական-գեղարվեստական միջոցառումների կազմակերպման ու հայերեն հրատարակությունների առջև դրված բոլոր արգելքները:
Իհարկե, այդ պայքարը հեշտ ու հարթ չի ընթացել: Ինչպես այսօր, այդ օրերին էլ քիչ չէր թիվն այն հակադաշնակցական ուժերի, որոնք «պղտոր ջրից ձուկ որսալու» մտադրությամբ ցանկացած առիթ օգտագործում էին վարկաբեկելու Դաշնակցությանն ու նրա հովանու ներքո աշխատող ազգային իշխանությանը: Տարիներ անց, երբ Թեհրանի ազգային իշխանության մեջ ինչ-որ պաշտոն էի զբաղեցնում, այդ ծանր տարիներն ապրած ավագ գործընկերներս հաճախ էին պատմում հետաքրքիր մի դրվագի մասին, որը կարող է բացահայտել Դաշնակցության դեմ պայքար տանող ուժերի իրական էությունը:
Թեհրանի հայոց ազգային իշխանության պաշտոնական մի պատվիրակություն ինչ-որ պահանջով դիմում է, եթե չեմ սխալվում, Իրանի ներքին գործերի նախարարություն ու պատահաբար նկատում է նույն պահին պատասխանատու պաշտոնատարի սենյակից դուրս եկող համայնքի հակադաշնակցական ուժերի ներկայացուցիչներին: Երբ հանդիպման ժամանակ ազգային իշխանության պատվիրակությունը ներկայացնում է համայնքի ազգային, կրոնական, կրթական ու միութենական հարցերի հետ կապված իր հստակ պահանջները, պարզվում է, որ իրենցից առաջ հիշյալ գրասենյակ դիմած անձինք իշխանությունների մոտ հաճոյանալու և Դաշնակցությանը շրջանցելու համար զիջումներ ընդգրկող գործարք են առաջարկած եղել:
Թերթելով հայկական տարբեր գաղթօջախների պատմության էջերը՝ պարզվում է, որ գրեթե բոլորի դեպքում էլ Դաշնակցությունը հետևել է նույն առաքելությանը՝ պահպանել ազգային, կրոնական ու ավանդական արժեքները, դաստիարակել նման գաղափարախոսության հետևող սերունդ ու անհրաժեշտության դեպքում անզիջում պայքար տանել այդ ուղղությամբ:
ԱԺ պատգամավոր ու տարիներով Սորոսի հիմնադրամի գրանտներով սնված Արման Բաբաջանյանն օրերս ահաբեկչական կառույց որակեց Դաշնակցությանը, իսկ հայտնի մեկ այլ սորոսական՝ Արսեն Խառատյանը, իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել 2018 թվականի «թավշյա հեղափոխության» օրինակով հեղափոխություն իրականացնել ՀՅԴ շարքերում:
Իմ սեփական փորձն ու նաև այն փաստը, որ այսօր Հայաստանում ՀՅԴ-ի դեմ քարոզչությունն առաջնորդվում է ազգային ու ընտանեկան արժեհամակարգը թիրախավորած Սորոսի հիմնադրամի ու նրանից սնվող ԶԼՄ-ների կողմից, ինձ առավել քան երբևէ համոզում է այն հարցում, թե որքան ճիշտ է եղել դեռ վաղ պատանեկության տարիներին Դաշնակցության գաղափարախոսությանը հարելու ուղղությամբ կատարած իմ ընտրությունը: