Հասկանո՞ւմ եք, էդ Պողոսն էր, որ Գյումրիում տներ կառուցելիս այն կարգի անբարեխիղճ էր որպես բանվոր, այնքան էր գողանում պրառաբի հետ ու պրառաբից թաքուն, որ հետո, երբ եղավ երկրաշարժը, ավերածությունները, միջուկային զենքի կիրառության մասին միֆեր ստեղծվեցին ավերածությունների մասշտաբի ու բնույթի շուրջ բացատրություններում։
Նույն Պողոսն էր, որ, լինելով պրառաբ, բրիգադիր, վերահսկող, ընդունող պաշտոնյա, էդ անբարեխիղճ փնթիությունից ու թալանից իր փայն ուներ, դրա համար շահագործման էր հանձնում տներ, որոնց բետոնն այն որակի էր, որ փլատակները մաքրելիս մարդիկ ձեռքերով էին կարողանում փշրել այն։
Հասկանո՞ւմ եք, էլի նույն Պողոսն էր, որ երկրաշարժից առաջ էլ, երկրաշարժից հետո էլ, իմանալով այդ ամենը, որ տենց անաստվածավարի գողանում են ու գողացել են, մեկ է, հակված էր սարսափելի ավերածությունները ու զոհերի քանակը բացատրել նրանով, որ Գորբաչովը սեյսմիկ զենք է կիրառել, մենակ թե չխոստովաներ, որ միակ զենքը, որ կիրառվել էր, կոլեկտիվ պողոսությունն էր, երբ մի Պողոսը կոխում էր, մյուս Պողոսը լղոզում էր դա, էն մյուս Պողոսներն էլ տեսնում էին այդ ամենը ու ոչինչ չէին անում։
Ի դեպ, Պողոսը երկրաշարժից հետո էլ ավելի ուժեղացավ ու ավելի խայտաբղետ երանգներ ստացավ։ Պողոս էին նրանք, որոնք անկշտորեն թալանում էին աղետի գոտուն հատկացված օգնությունը և անխղճավարի յուրացնում այն։ Ոչ պակաս Պողոս էին նրանք, ովքեր երկրաշարժին ընտանիքով հանդերձ ունեին մի հատ 2-սենյականոց տուն, երկրաշարժից հետո ստացան առնվազն մի հատ տենց տուն ու հետո տասնամյակներով սկսեցին պահանջել, որ ընտանիքի ամեն անդամին մարդա մի տուն հատկացվի։
Կներեք, բայց ամենապողոսներն էլ կային ու կան։ Էն, որ երկրաշարժից 21 տարի անց մատները մատներին չտվեցին, որ նորմալ կյանք ունենան։ Անգամ տուն ստանալուց հետո էլ, տունը ծախեցին/վարձով տվեցին/ուղղակի կողպեցին ու վերադարձան դոմիկ, որ նպաստ, օգնություն ու մի հատ էլ տուն մուրան։ Հա-հա, կան նաև այդպիսի Պողոսներ, ու նկարագրածս չափազանցություն չէ․․․
Ու գիտե՞ք, թե ինչն է ամենասարսափելին։ Այս 21 տարում Պողոսները ոչ միայն չեն խերվել ու քչացել, այլ հակառակը՝ պրոգրեսիայով աճել են։ Ու եթե վերադառնանք երկրաշարժի թեմային, ապա մենք այսօր պետք է աղոթք անենք առ Աստված, որ Երևանում հանկարծ երկրաշարժ չլինի, որովհետև, բացի սովետական շրջանի Պողոսների անբարեխիղճ շինարարությունից, մենք նորանկախ Պպողոսների 30-ամյա հաղթարշավ ենք ունեցել, ու քիչ թե շատ ուժեղ ցնցումների դեպքում Երևանի փոքր կենտրոնում էլ, գրեթե բոլոր թաղամասերում էլ լինելու է ապոկալիպսիս, որից հետո Պողոսը, մեկ է, չի ընդունելու, որ շենքը բլեց, որովհետև 5-րդ հարկի վրա մի հատ էլ էին հարկ ավելացրել, բնակարանների կեսում կրող պատեր էին քանդել, որ նոր սենյակ բացեն կամ էլ այլ ղալաթ անեն։
Պողոսի վե՞ջն ա դա։ Պողոսը էլի կասի, որ սեյսմիկ զենքն էր, հակահեղափոխականներն էին, այլմոլորակայիններն էին, տո Չար աստվածն էր սաղ։ Կասի ու կսկսի Բարի աստծուց պահանջել նոր տուն, նոր քաղաք, նոր երկիր՝ այդպես էլ չփորձելով ընդունել պատասխանատվություն ու ապրել պատասխանատու։
Ու հենց սրա համար է պետք սպանել Պողոսին, որովհետև եթե մենք չսպանենք նրան, նա կսպանի մեզ բոլորիս ու իրեն էլ վրադիր։