Aravot.am-ը գրում է․
«Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը
– Բրատիսլավայում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երեք ժամ տեւած հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարեսկզբին հանդիպման մասին:
«Անդրադառնալով նախօրեին Երեւանում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը եւս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ»,- ասված է հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ձեր կարծիքով, ի՞նչ փուլում են բանակցությունները, ո՞րն էր այս հանդիպման արդյունքը:
– Այս հայտարարությամբ հրապարակայնորեն ֆիքսվեց, որ չեն սպառվել գործընթացը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունները եւ հանդիպումները կշարունակվեն: Չնայած ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Ադրբեջանի տարածած մեմորանդումն ավելի շատ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը կարծես ամեն ինչ անում է բանակցությունների դադարեցման համար:
Չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում իրադարձություններն ընթանում են «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու դրոշի ներքո», Հայաստանն արդեն արձանագրել է, որ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա, իսկ նոր փաստաթղթի կամ նախորդի վերաձեւած տարբերակի շուրջ քննարկումներ չեն ընթանում:
Իմ տպավորությամբ, միջնորդ երկրները մեծ ջանքեր են գործադրում գոնե փոքրիկ հաջողություններ (օրինակ՝ լրագրողների փոխայցեր) արձանագրելու եւ դրանք որպես վստահության կամ բանակցությունների վերսկսման հիմք ներկայացնելու առումով, բայց Ադրբեջանն ակնհայտ պատրաստ չէ դրան:
– Մինչ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովում, պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ փուլային տարբերակով՝ առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից եւ Ադրբեջանի այլ «օկուպացված տարածքներից»: Հաջորդ քայլը պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Այս քայլերից հետո միայն Բաքուն պատրաստ կլինի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան: «Կարգավիճակի սահմանումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացների շրջանակներում՝ Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական եւ հավասար մասնակցությամբ, այսինքն՝ հայկական եւ ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության բացառապես օրինական եւ ժողովրդավարական գործընթացում», – նաեւ ասվում է Ադրբեջանի իշխանությունների հեղինակած փաստաթղթում՝ հավելելով, որ Բաքուն չի տեսնում հակամարտության քաղաքական կարգավորում իր նշած այդ շրջանակներից դուրս: Տեսակետներ հնչեցին, որ այս վերջնագրից հետո հայկական կողմը պետք է անհապաղ դադարեցնի բանակցությունները, այլապես, տպավորություն է, որ բանակցում ենք Բաքվի օրակարգի շուրջ: Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է:
– Ադրբեջանի այս դիրքորոշումն ավելի խոսուն է, քան երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո նրա տարածած հայտարարությունը, որովհետեւ առավել հստակ է ամրագրում այն կամքը կամ դրա բացակայությունը, որն առկա է Ադրբեջանի իշխանությունների մոտ:
Լավ գիտակցելով նաեւ այսպիսի հայտարարությունների ներքաղաքական տրամաբանությունը Ադրբեջանում տեղի ունեցող ներքին դասավորությունների համատեքստում, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ է խոսում Ադրբեջանը, փակ ձեւաչափով հանդիպումների ժամանակ այս մեմորանդումն արտացոլում է Ադրբեջանի իրական պատկերացումները խնդրի կարգավորման վերաբերյալ:
Այս դիրքորոշումը բնականաբար ամբողջովին մերժելի է, ավելին՝ համանախագահները պետք է նախապես մեծ աշխատանք տանեին կանխելու նմանատիպ հայտարարությունների շրջանառումը, որովհետեւ այն միանշանակորեն հակասում է ընթացող գործընթացի տրամաբանությանը:
-Ի դեպ, վերջին շրջանում կարծես թե առաջ է մղվում միջհամայնքային երկխոսության թեման: Սա ինչո՞վ եք պայմանավորում եւ ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը:
– Կտրուկ ասեմ, սա անթույլատրելի գործընթաց է, որի առաջին պլանում պահելու փորձերը միանշանակ բերելու է գործընթացի վերջնական տապալման:
– Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հարցը բազմիցս քննարկման առարկա է դարձել ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում: Սակայն նկատելի է, որ անընդհատ հնչող դժգոհությունները հասցեատերերը թողնում են անպատասխան: Այդ դեպքում, ի՞նչ անել:
-Պետք է ուժեղացնել աշխատանքն այդ ուղղությամբ, որովհետեւ մենք արդեն մեկ անգամ տեսել ենք, որ կուտակվող ռազմական տեխնիկան եւ սպառազինությունը մի օր իր գործն անում է: Այս տեմպերով սպառազինվելու դեպքում անկասկած ունենալու ենք նաեւ ռազմական ֆազային հաջորդ փուլը:
Ի դեպ, խաղաղության, քաղաքական երկխոսությանը զուգահեռ, Ադրբեջանը նույն, միգուցե ավելի բարձր տեմպով շարունակում է սպառազինությունների մրցավազքը: Տարածաշրջանում նոր բռնկումներ թույլ չտալու լավագույն տարբերակներից մեկն, իհարկե, Ադրբեջանի մատակարարումների վրա սահմանափակումներ մտցնելը կլիներ, ինչը, սակայն, գոնե այս փուլում, այդքան էլ իրատեսական չի թվում:
Ամեն դեպքում, չեմ կարծում, թե համանախագահ երկրները չեն նկատում կամ չեն գիտակցում Ադրբեջանի պահվածքի բոլոր վտանգները, որոնք հետ կանգնելու միտումներ չեն դրսեւորում:
Այս իրադարձությունները մեզ ստիպում են փոփոխելու մեր մոտեցումները ընթացիկ գործընթացների շուրջ եւ գնահատելու բոլոր այն վտանգները, որոնք զուգահեռ տեղափոխվում են մեր տարածաշրջան: