Արհամարhված և ոտնահարված հերթական սահմանադրական կարգավորումը՝ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼՈՒԹՅՈՒՆԸ:
ՀՀ երրորդ Նախագահի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում, որն ակնհայտորեն հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին:
Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հհնրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Ընդ որում, ի տարբերություն գործառութային անձեռնմխելիությամբ օժտված այլ սուբյեկտների, օրինակ՝ դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ է։
Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե այն վերաբերում է վերջինիս կարգավիճակից բխող գործողություններին։
Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1476 որոշմամբ մանրամասն վերլուծելով պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելության հետ կապված հարցերը, գտել է, որ Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ, հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝
հանրապետության պաշտոնաթող նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը, այդ թվում՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից, պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը, չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Հակառակ դեպքում գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները պետք է ճանաչվեն ոչ իրավաչափ և անհապաղ դադարեցվեն:
Այսինքն՝ եթե պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքը կամ դրա հիմքում դրված փաստերը վերաբերում են այն գործողություններին, որոնք բխել են նախագահի կարգավիճակից, ապա հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները ծայրահեղ ոչ իրավաչափ են և ենթակա են անհապաղ դադարեցման։
Վերոնշյալի համատեքստում հատուկ ուշադրության է արժանի ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ...»։
Այսինքն՝ ՀՔԾ-ն ուղղակիորեն հաստատում է, որ ենթադրյալ արարքները կատարվել են նախագահի պաշտոնական դիրքն օգտագործելով, ինչը հավաստում է հարուցված քրեական հետապնդման ապօրինի բնույթը։
Մի բան հստակ է՝ իրավական պետության, Սահմանադրության ու սահմանադրականության խարխլումը դարձել է օրակարգ, որից հրաժարվում են շեղվել։