Վերջին օրերի զարգացումներն ակնհայտ են դարձնում, որ Արցախյան հիմնախնդրում հասունացել է լրջագույն ճգնաժամ: Հայկական կողմի բանակցային դիրքերի թուլացումը զուգորդվել է ՀՀ իշխանությունների բացարձակ ապիկարության հետ, ինչը էապես բարձրացրել է ռիսկերը Արցախի ու Հայաստանի համար: Այսօր կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունները հասարակությունից թաքցնում են զարգացումները, և մենք դրանց մասին իմանում ենք պոստ ֆակտում, ինչպես դա եղավ լրագրողական փոխայցերի կազմակերպման դրվագում:
Գործող իշխանությունները նաև անազնիվ են իրողությունների մատուցման հարցում, ու դրան մենք ականատես եղանք երեկ, երբ ԱԳ նախարարը համառորեն «կոնսուլտացիա» էր անվանում այն, ինչ մյուս բոլոր կողմերն անվանում էին հենց բանակցություն, իսկ հետո նույն նախարարի անգլերեն ելույթը հայկական լսարանին հրամցվեց չարտաբերված մտքերով համեմված ելույթի հայերեն թարգմանությամբ:
Ստեղծված իրավիճակը հուշում է, որ մեզ պետք են ոչ օրդինար լուծումներ, որոնք կտան ավելի արդյունավետ գործիքակազմ` այդ ռիսկերն ավելի կառավարելի դարձնելու և բանակցային գործընթացի ոչ հայանպաստ ընթացքը բեկելու համար: «Ադեկվադ» միաբանությունը որպես այդպիսի լուծում տեսնում է Ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև: Սա օրվա հրամայականն է և ստեղծված իրավիճակում միակ արդյունավետ քայլը, որի դրական արդյունքները դժվար է գերագնահատել: Նման պայմանագիրը կտա մի շարք կենսական լուծումներ. կբարձրանա Արցախի սուբյեկտայնությունը, կնվազի Արցախի կախվածությունը ՀՀ օրվա իշխանությունների քմահաճույքից և անկարողությունից, կուժեղացնի ՀՀ և ԱՀ անվտանգության մակարդակը, ինչպես նաև առ ոչինչ կդարձնի բանակցային պրոցեսում հայկական կողմի դեմ կիրառվող մի շարք փաստարկներ:
Ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու թեման ինքնին նոր չէ, ոչ էլ աննախադեպ միջոց է: 2016 թվականի էսկալացումից հետո հայաստանյան իշխանությունները պատրաստվում էին կնքել նման պայմանագիր, բայց համաձայնվեցին չշտապել միջնորդ երկրների կողմից շփման գծում վստահության ու վերահսկողության մեխանիզմների ներդրման հանձնառության դիմաց, ինչը ֆիքսվեց Ժնևի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի բանակցությունների արդյունքում, սակայն միջնորդները հետևողական չգտնվեցին ու «մոռացան» այս հանձնառության մասին 2018-ի պետական հեղաշրջումից հետո: Մյուս կողմից՝ փոխօգնության և համագործակցության պայմանագրեր առկա են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների տարբեր գերատեսչությունների միջև՝ ընդհուպ մինչև ԱԱԾ մակարդակ:
Եվ ուրեմն, ի՞նչն է խանգարում հայկական կողմին անել ձիով քայլ: Բանակցային պրոցեսում ոչ կառուցողական դիրքորոշում ունենալու վտա՞նգը: Չկա նման վտանգ ադրբեջանական հայտնի վերջնագրից հետո: Միջնորդ երկրների հետ պայմանավորվածությունների խախտո՞ւմը: Չկա նման խախտում մեր կողմից, միջնորդներն են, որ իրենց մասով թերացել են: Ներքին հակազդեցությո՞ւնը: Կարծում ենք, որ ոչ միայն մեզ ու հայրենիքի զգացում ունեցող մյուս քաղաքացիներին, այլև պատկան մարմիններին կհետաքրքրի, թե կոնկրետ ովքեր կհակազդեն հայկական երկու պետությունների անվտանգությունը բարձրացնող այս բախտորոշ պայմանագրի կյանքի կոչմանը:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ կան բոլոր հիմքերը՝ պահանջելու, որ Արցախի և ՀՀ-ի միջև կնքվի ռազմական փոխօգնության պայմանագիր, և դա պետք է անել օր առաջ: Հենց սա է հայաստանյան քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը և հենց այս հարցի շուրջ կարելի է ու պետք է համախմբվել` անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական նախասիրություններից և այլ խանգարող հանգամանքներից: Այդ հանգամանքները շատ են, իսկ մեր անվտանգության և կենսական շահի գերակա հարցը մեկն է` Արցախը: