168.am-ը գրում է.

E-draft.am-ում ՊՆ-ի կողմից քննարկման է դրվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Օրենքի նախագծի համաձայն՝ հստակեցվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, որը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ իրականացվում է զորակոչի միջոցով, հստակեցվում է գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, հստակեցվում են համապատասխան շահառուների համար գույքահարկի արտոնության իրավունքի դադարեցման հիմքերը:

Նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը:

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է` շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի, պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս, պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը:

Նույն հոդվածի 8-րդ մասի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ կնքվում են տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաև ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն:

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ առաջին պայմանագիրը կնքվում է ռազմաուսումնական հաստատություն ընդունված` 18 տարին չլրացած քաղաքացու կամ մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում հաշվառված արական սեռի կամ իգական սեռի քաղաքացու հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ:

Պայմանագրի սույն կետում նշված ներառման պարտադիր պայման է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության նախատեսումը:

Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է` ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների համար` համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի:

Օրենքի վերը նշված ձևակերպումները՝ պարտադիր զինվորական ծառայություն և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասով, որոշակիորեն տարբերվում են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ձևակերպումներից, չնայած որ նշված օրենքի համապատասխան դրույթները վերաբերում են նման կարգավիճակ ունեցող զինծառայողներին: Արդյունքում՝ երկու օրենքների շրջանակներում կարգավիճակի (զինվորական ծառայության տեսակի) առումով նույն շահառուներին վերաբերող տարբեր ձևակերպումները խնդիրներ են առաջացնում գույքահարկի արտոնությունների կիրառման գործընթացում:

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը հաստատեց՝ նախագծում որպես հիմնավորում՝ բերված է այն պատճառաբանությունը, որ ներկայումս «Գույքահարկի մասին» օրենքն ունի տարբերվող ձևակերպումներ: Այդ տարբերությունն առաջացել է այն բանից հետո, երբ 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրեց ՀՀ օրենքը զինվորական ծառայության մասին, որտեղ հստակ սահմանվում էր՝ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած անձանց հետուսումնական ծառայությունը համարվում է պարտադիր ծառայություն:

«Հիմնավորվում է, թե փոփոխությունները հստակեցնում են գույքահարկի արտոնություն ունեցող զինծառայողների շրջանակը։ «Գույքահարկի մասին» գործող օրենքում ձևակերպումը հետևյալն է` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք ազատվում են իրենց պատկանող փոխադրամիջոցների և անշարժ գույքի գույքահարկից։ Նախագծով առաջարկվում է «պարտադիր ծառայության մեջ գտնվող զինծառայող» հասկացությունը փոխարինել «զորակոչի միջոցով պարտադիր ծառայության մեջ գտնվող զինծառայողներ» հասկացությամբ։ Դրանով ստացվում է, որ հետուսումնական պարտադիր ծառայության մեջ գտնվող անձինք այլևս չեն կարող օգտվել այս արտոնությունից, քանի որ իրենք զորակոչի միջոցով չեն անցել պարտադիր ծառայության։

Հետևաբար` ՊՆ-ի կողմից ներկայացված նախագիծն ուղղված է այսօր հետուսումնական ծառայության մեջ գտնվող սպաներին իրենց վերջին արտոնությունից զրկելուն։ Վերջին, որովհետև մյուս արտոնությունը, որը սահմանում է, թե զինծառայողները ներքաղաքային հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք ունեն, գոյություն ունի միայն թղթի վրա, իսկ իրականում չի գործում՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Անհաականալի է` ՊՆ-ն փոխանակ ինքը շահագրգռված լինի սպաներին որոշակի արտոնություններ տալու հարցում, զրկում է նրանց բոլոր արտոնություններից: Եվ հետաքրքիր է, թե ինչից ելնելով են կողմ մի նախագծի, որն իրականում սոցիալական վիճակի վատթարացում է նախատեսում»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել