Aysor.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել  Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

2008թ. դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունների ընթացքում նշված անձինք համապատասխանաբար «Ազատության» հրապարակում և Հյուսիսային պողոտայում չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և քաշքշելու, հարվածելու եղանակով նրանց նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Դատավճիռներով Ս. Հարությունյանը դատպարտվել է մեկ տարի, Մ. Այվազյանը՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով պայմանական ազատազրկման:

Դատավճիռները պաշտպանության կողմից 2008թ. բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան, որոնք մերժվել են՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները: Մ. Այվազյանի դեպքում նաև վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը, սակայն, վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ի սկզբանե կանխորոշված է եղել քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես՝ նշված անձանց վերաբերյալ գործերով մեղադրանքները եղել են անորոշ, զուրկ կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, տուժող ճանաչված անձինք չկան, քննությամբ չի պարզվել այն անձը, ում նկատմամբ ենթադրաբար բռնություն է գործադրվել: Այսինքն Ս. Հարությունյանի և Մ. Այվազյանի արարքներում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ այս գործերով դատարանները խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները: Մասնավորապես՝ դատաքննությունների ընթացքում մերժվել են որպես վկա՝ ականատես և դեպքերի մասնակից մի քանի անձանց հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները, մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել