Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին, հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«Նախարարները պայմանավորվել են բանակցությունները շարունակելու և հաջորդ տարի հերթական հանդիպման շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանական ԱԳ նախարարության տվյալներով՝ Բրատիսլավայում նախարարները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» են ունեցել: «Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները»,- նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: 

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրել էր, որ Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Փաստաթուղթը, որը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ի էջում, ասվում է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է «քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ «հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Նշվել է նաև քայլերի հաջորդականություն, ըստ որի՝ «առաջին քայլը պետք է լինի հայկական զորքի դուրսբերումը Ղարաբաղից և Ղարաբաղի փոխանցումն Ադրբեջանի կազմ, որից հետո Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել