Pastinfo.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցությունում դեռ չի քննարկվել նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մշակած վիճահարույց օրինագիծը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է զինծառայությունից խուսափող քաղաքացիների համար ստեղծել հնարավորություն ՝ 10 միլիոն դրամ վճարելով ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով։
«Հայկ Սարգսյանը խորհրդակցել է պարոն Քոչարյանի հետ, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի հետ։ Չնայած պարոն Քոչարյանը նշել է, որ այնտեղ կան հետաքրքիր բաղադրիչներ, բայց ընդհանուր առմամբ նա հավանություն չի տալիս այդ գաղափարին»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Դիտարկմանը, որ խնդրահարույց չէ՞ , որ իշխող խմբակցությունը ներկայացնող պատգամավորը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, ՊՆ-ի հետ չի քննարկում նախքան ասուլիս տալը՝ խմբակցության ղեկավարը նկատեց՝ բոլոր պատգամավորներն ազատ են իրենց թե՛ մտքի արտահայտման, թե՛ առանձին նախաձեռնություններով հանդես գալու հարցում. «Խմբակցության ընդհանուր դիրքորոշումը չէ դա։ Իհարկե, բոլոր պատգամավորները խրախուսվում են, որ ցանկացած նախաձեռնություն հրապարակելիս և շրջանառելիս մինչ այդ խորհրդակցեն համապատասխան գլխադասային թե՛ հանձնաժողովների, թե՛ կառավարության ներկայացուցիչների հետ, այնպես որ սա կարևոր պայման է։ Իհարկե կառավարությունը և օրենսդիր մարմինն առանձին ինստիտուտներ են իրենց անկախության առումով, բայց հասկանալի է, որ քաղաքականության համար և հատկապես այն ոլորտը, ինչը վերաբերում է պաշտպանությանն ու անվտանգությանը, մեր դիրքորոշումները չեն կարող ռադիկալ տարբերվել։ Կարող են որոշակի մոտեցումների տարբերություն լինի, բայց նույնիսկ այդ տարբերությամբ եզրահանգումը պետք է լինի համընդհանուր»։

Հարցին՝ արդյոք տեսնում է միտում, որ այս նախաձեռնությամբ հնարավորություն է տրվում օլիգարխների տղաներին բանակից խուսափելու, Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Չեմ կարող ասել, որ Հայկ Սարգսյանն ունի որևէ վատ կամ այս նախաձեռնության հետևում ինչ-որ թաքնված միտում կա։ Ես վստահ եմ, որ պատգամավորն ունի անկեղծ մղումներ օրինակ պրոֆեսիոնալ բանակ ունենալու առնչությամբ։ Ես ենթադրում եմ, որ նա այդ շեշտադրումն է դրել այդտեղ։ Այլ հարց է, որ իմ կարծիքը տվյալ նախագծի հետ կապված տարբեր է»,-հավելեց Լիլիթ Մակունցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել