«Ադեկվադ» միաբանությունը դատապարտում է այսօր դաշնակցական երիտասարդների կողմից ԿԳՄՍՆ-ի դիմաց կազմակերպված ակցիայի դեմ բռնի հակազդեցությունը ոստիկանության և իշխանությունների կողմից։ Այս քայլերին գնում են նույն այն երեսպաշտ իշխանությունները, որոնք երկրում պետական հեղաշրջում իրականացրին նույն գործիքակազմով, ու նույն այս իշխանություններն էին հայտարարում, որ ժողովրդի կամարտահայտումը սրբության սրբոց է, դուռը ժողովրդինն է, ճանապարհը ժողովրդինն է, պետական պահպանության ներքո գտնվող ռադիոյի շենքը ժողովրդինն է, պետական գերատեսչությունը ժողովրդինն է, իշխանությունը ժողովրդինն է, իսկ այսօր ինչ-որ Արայիկ Հարությունյանի համար իրենց բոլոր դիրքորոշումները ժողովրդականության ու ժողովրդավարության մասին արմատապես փոխվում են։
«Ադեկվադ» միաբանությունը և ցանկացած ադեկվադ մարդ կցանկանար տեսնել ոստիկանության նման գործողություններ, երբ խուժանախմբերը արգելափակում էին դատարաններն ու բռնության էին ենթարկում այն դատավորներին, ովքեր փորձում էին իրականացնել իրենց աշխատանքը։ Նաև չէր խանգարի, եթե ոստիկանությունը նման հետևողականություն ու վճռականություն դրսևորեր այն սուբյեկտների նկատմամբ, որոնք հրապարակայնորեն քարով գլուխ ցխելու մասին հայտարարություն էին անում Արցախի նախագահի հասցեին կամ էլ ուղիղ եթերով հարձակում էին իրականացնում ընդդիմադիր լրատվամիջոցներին վրա։
Ցավոք, մեր պետությունը ղեկավարում են երեսպաշտ սրիկաները, որոնց համար երկակի չափորոշիչները դարձել են ամենասովորական բան։ Ըստ այդմ, «Ադեկվադ» միաբանությունը կրկին իր զորակցությունն է հայտնում դաշնակցական մեր քույրերին ու եղբայրներին և հայտարարում է պատրաստակամություն՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելու մեր ընկերներին համակողմանի աջակցություն մեր ունեցած բոլոր ռեսուրսներով։ Պայքարը ստի ու կեղծիքի, երեսպաշտության և ստորության, ապազգայինի ու հակապետականության դեմ ազնիվ գործ է, և մենք միշտ նեցուկ կկանգնենք այն մարդակնց, ովքեր ընդվզում են այս երևույթների դեմ։