2019 թ․-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 196 հոդված, որոնցից 70-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 119-ը՝ չեզոք։
Արսեն Թորոսյանը «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումների վերջին 2 ամսվա ընթացքում շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչը։ Այս տասնօրյակում էլ բացասական հոդվածները բավականին շատ են։
«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն, անդրադառնալով առողջապահության նախարարի առաջարկած առողջության ապահովագրության համապարփակ նախագծին, ասել է, որ գաղափարը հրաշալի է, սակայն դրան հասնելու մեթոդները սխալ են. «Որպես միտք՝ հիանալի է, սակայն, ինչպես մյուս նախագծերը, որոնք ներկայացրել է Արսեն Թորոսյանը, իրականացման հետ կապված խնդիրներ են առաջացնում, կոռուպցիոն ռիսկեր կան, և չեն բխում սոցիալական արդարությունից»։
Առհասարակ, այս նախագիծը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։ Ինչպես Գևորգ Գևորգյանը, շատ փորձագետներ և հասարակության ակտիվ ներկայացուցիչներ ևս գտնում են, որ նախագիծում առկա են կոռուպցիոն ռիսկեր։ Նշում են, որ Արսեն Թորոսյանն ուզում է Ռոբին Հուդը լինել, մեզանից վերցնել և տալ ուրիշներին։
Նշվում է, որ Արսեն Թորոսյանը հակամարտության մեջ է ԱԺ-ի հետ, ամենատարբեր հարցերով։ «Իմ քայլ»-ի մի շարք պատգամավորներ, օրինակ՝ Լուսինե Բադալյանը, քննադատել էր Թորոսյանի ներկայացրած նախագիծը։ «Իմ քայլ»-ից շատերը նույնպես չեն հերքել, որ այս նախագիծը զերծ չէ կոռուպցիոն ռիսկերից։
Ըստ հրապարակումների՝ ուշագրավն այն է, որ նրանք, որոնք նախկինում դեմ էին 5 տոկոս կուտակային կենսաթոշակին, այժմ կողմ են 6 տոկոս պահումներին։ Նախկինում դա թալան էր, իսկ հիմա, ըստ նրանց, հոգատարություն։
Քննադատության է արժանացել նաև Արսեն Թորոսյանի` ՀՖՖ գործոմի անդամ լինելու փաստը։ Ըստ «Ռեդ Իգլս» ֆան ակումբի` Արսեն Թորոսյանը, լինելով գործկոմի անդամ, միայն քաղաքական հայտարարություններ է արել ու քննդատել Արթուր Վանեցյանին։
Շարունակվում է հակամարտությունը նաև Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի միջև։ Վերջին օրերին Դավիթ Սանասարյանը, նշել էր, որ չի պատրաստվում ցեխ շպրտոցիներին մասնակցել և անդրադառնալ Արսեն Թորոսյանին․ ըստ նրա՝ Հայաստանում ավելի կարևոր խնդիրներ կան։