Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ «Փաստինֆո»-ն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ այն մակագրվել է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։  

Հիշեցնենք, որ Գ.Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։ Նրա գործողությանն անմիջապես արձագանքել էր դատախազությունը եւ նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու համար՝ նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը։

Դատախազության մասին ՀՀ օրենքը նաեւ 2008 թվականին սահմանում էր, որ «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել