Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ կապված խայտառակ պատմությունները շարունակվում են: Անցյալ տարեվերջին մեծ աղմուկ բարձրացրած նախարարա-մարզպետարանների աստղաբաշխական ինքնապարգևատրումներին և ընդամենը վերջերս բացահայտված նախարարա-փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկմանն այժմ էլ ավելացավ ԱԺ երեսփոխանների գյորմամիշության և չտեսության բացահայտման ժամանակը:

Պարզվում է՝ այս տարվա 10 ամսվա մեջ մեր հայրենի երեսփոխանները պարգևատվել են 14 անգամ, և այդ պարգևատրումները վճարելու համար բյուջեից ծախսվել է 1,9 միլիոն դոլար՝ 909 միլիոն դրամ: Սա, մեղմ ասած, խայտառակություն է: Սա Հայաստանի թավշյա «թալանի» շարունակությունն է:

Պարոն Փաշինյանի վարչակարգն ուղղակի մսխում է երկրի պետական բյուջեն` այդ ամենն իրականացնելով տարաբնույթ սխեմաներով՝ պարգևավճարներից մինչև անարդյունավետ արտասահմանյան ուղևորություններ կազմակերպելով: Էլ չեմ ասում կոռուպցիոն սխեմաների մասին, որոնցից վերջին օրինակը Երևանի քաղաքապետարանին մի քանի կազմակերպությունների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության պատմությունն է: Խնդիրն այն է, որ նվիրատվություն արած երկու կազմակերպությունների պահով պարզ երևում են կոռուպցիոն վտանգները:

Հ.Գ. Չմոռանամ հիշեցնել, որ թավշյա թալանի կազմակերպիչ պարոն վարչապետը չի մոռացել նաև իր ժողովրդին: Համեմատած իր նախարարների, փոխնախարարների, մարզպետների, երեսփոխանների և այլ պաշտոնյաների հետ, որոնց աշխատավարձերը կրկնապատկվել են, ու ովքեր տարվա մեջ մի քանի անգամ պարգևավճարներ են ստանում, «ժողովրդի» վարչապետը մի քանի գրոշով 2020 թ.-ի հունվարի 1-ից բարձրացնում է իրեն իշխանության բերած ժողովրդի մինիմալ աշխատավարձերը և թոշակները: Իսկ քանի դեռ ժողովուրդն ըմբռնումով է մոտենում պարոն Փաշինյանին, նա և իր թիմը նորանոր մեթոդներով են շարունակում վաղուց սկսված թավշյա թալանը:

Ի դեպ, համաձայն օդում կախված լուրերի, ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածո Երվանդ Սերոբյանը չի ցանկանում ՇՊՀ-ի աշխատակիցներին տրամադրել տարեվերջյան պարգևավճարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել