Շնորհավորում եմ Հայկ Սարգսյանին։ Նա կարողացավ ավելի խելամիտ առաջարկ անել, քան ՕԵԿ֊ն ու ԲՀԿ֊ն։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա էս մարդկանց մեկը մի օր պիտի բացատրի՞, որ զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունը և դրա կարգավորումները խաղ ու պար չեն։ Ի՞նչ սոցիալական արդարությունից ա խոսում Սարգսյան Հայկը կամ միջազգային փորձը ո՞նց ա ուսումնասիրել։ Նախ՝ օրենքի էս նախագիծը ավելի ա մեծացնում հարուստների և աղքատների միջև անհավասարության արդեն իսկ հսկայական նշանը։ Ըստ էության՝ նախագիծը լեգիտիմ հնարավորություն ա ընձեռում հարուստ հայրիկներին՝ 21000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատելու իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինծառայությունից, իսկ աղքատները, բնականաբար, էդ գումարը չունեն։ Ուսումնասիրե՞լ են արդյոք մասնագետները, թե բարոյահոգեբանական ի՞նչ ազդեցություն կունենա էս նախագծի ընդունումը բանակի համար (օրինակ՝ «հարուստների երեխեքը տաք-տաք իրանց տներում են, մեր երեխեքին են տանում» ոճի արդարացի մտահոգությունների ու դժգոհության հնարավոր աճի ազդեցությունը)։
Հեքիաթ ա, թե սա ծառայությունից խույս տված մարդկանց կվերադարձնի հայրենիք։ Հասկանալի ա, չէ՞, որ սա էնքան էլ փոքր գումար չի նույնիսկ արտերկրում բնակվող մարդու համար, հետևաբար՝ տրամաբանությունը հուշում ա, որ ծառայությունից խույս տված ու արտերկրում ապրող, աշխատող մարդու համար առավել նախընտրելի կլինի արտերկրում մնալը և սեփական կյանքը դասավորելը։ Հակառակ պնդումն անելու համար կա՞ արդյոք որևէ հետազոտություն։ Վստահ եմ՝ չկա։ Այսինքն, էս նախագծի հիմնական շահառուները տեղի գործարարներն ու էս կամ էն ճանապարհով հարստացածներն են։ Այսինքն՝ սոցիալական արդարության մասին խոսելն անգամ ավելորդ ա (առհասարակ, բանակից «թռնելու» արդարությունը քննարկելն ա նույնիսկ ծիծաղելի, բայց եթե հասել ենք...)։ Եթե նույնիսկ պատկերացնենք, թե գումարի չափը շատերի համար ահռելի չի, և շատերը պատրաստ են 10000000 վճարելու, ինչն էլ կօգնի մեզ պայմանագրային զինծառայողներ ներգրավելու և սահմանագծում ծառայության իրականացման ձևի որոշակի փոփոխության հարցում, մենք հստակ տվյալներ ունե՞նք՝ կարո՞ղ ենք արդյոք ներգրավել բավարար քանակությամբ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ պայմանագրային զինծառայողների (հաշվի առնելով և՛ տվյալ աշխատանքի պահանջարկը, և՛ կադրերի որակը, որն անհրաժեշտ ա ապահովել, և՛ առաջարկվող պայմանները), ի՞նչ կլինի, եթե շատերը որոշեն օգտվել էս հնարավորությունից կամ հակառակը՝ շատ քչերը։ Պատրա՞ստ ա մեր պետությունը հետագա զարգացումներին։ Հարցերը շատ են։
Միջազգային փորձն ուսումնասիրելն էլ չի նշանակում միայն գումարի չափին կամ գործող օրենքին ուշադրություն դարձնել։ Եթե ԲՀԿ֊ական Էնֆիաջյան Վահեն պնդում էր, թե Իսրայելի փորձն ա ուսումնասիրել, Հայկ Սարգսյանը բերում ա Թուրքիայի ու Վրաստանի օրինակը։ Բոլոր դեպքերում հարցը նույնն ա. ի՞նչ կրիտերիաներով ենք դիտարկում էդ երկրների փորձն ու զուգահեռներ անցկացնում։ Ասենք, տնտեսական ցուցանիշներ,ռազմական բյուջե, ռազմարդյունաբերություն, ժողովրդագրական պատկեր, արտաքին (ֆինանսական և այլ) աջակցություն, ռազմաքաղաքական իրավիճակ, բանակի անձնակազմի թիվ, ռազմական տեխնիկա (քանակ, նոր ու հին) և այլ գործոններ հաշվի առնվու՞մ են։ Կարճ ասած՝ հաշվի առնվու՞մ ա, թե որքանո՞վ ա X երկրում գործող օրենքը համապատասխանում մեզ, թե՞ ուղղակի բան ա՝ կրակում եք։