168.am-ը գրում է.

ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի նախագիծը՝ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ, դեռ պետք է երկար ճանապարհ անցնի և դրվի քննարկման:

«Ասեմ, որ շրջանառության մեջ դրված է մեկ այլ գաղափար, որի համահեղինակը նաև ես եմ, որտեղ մենք առաջարկում ենք բավականին խստացված իրավական կարգավորումներ 27 տարին լրացած և ծառայություն չանցած մեր քաղաքացիների համար: Առաջարկել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք, մեր պատկերացմամբ, լուծելու են շատ համակարգային խնդիրներ, ինչպիսիք են առաջնագծի լուրջ փոփոխությունները, որոնք կբերեն որակական փոփոխություների»,- շեշտեց նա:

Հարցին՝ մտավախություններ չունե՞ք, որ բոլորը կարող են վճարել 10 մլն դրամ և խուսափել ծառայությունից, նա պատասխանեց, որ Հայկ Սարգսյանի նախագիծը դեռ չի քննարկում, ճիշտ է, այնտեղ կան հետաքրքիր տարրեր, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք ամբողջական են:

«Երբ օրենքը գա քննարկման, դուք այստեղ դրա մասին կլսեք»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն առաջարկում է նախագիծ, ըստ որի՝ այն անձինք, որոնք խուսափում են զինվորական ծառայությունից, վճարեն 10  մլն դրամ, մեկ ամսում սովորեն զինվորական հմտությունները և ստանան զինվորական գրքույկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել