(Հեղինակային)
Վերջին ժամանակներս Հայաստանում ակտիվացան քննարկումները Եվրասիական միությանը կամ Եվրամիությանը հարելու հարցի հետ կապված: Տարբեր մտածողներ, քաղաքագետներ սկսեցին իրենց կարծիքներն արտահայտել հարցի շուրջ: Իհարկե կարծիքի հիմքում, նույնիսկ գիտնականի, բազմաթիվ գործոններ կան: Օրինակ` միջազգային կազմակերպությունների (որոնք իհարկե Արմուտքի շահերի արտահայտողն են) ներդրումների հաշվին գոյություն պահպանող կազմակերպության ներկայացուցիչը երբեք Եվրասիական միության մեջ մտնելու օգտին չի արտահայտվի, և հակառակը:
Մինչդեռ հայացք նետելով առկա իրավիճակի վրա` կարելի է տեսնել փաստեր, որոնք ժխտել հնարավոր չէ: Մեր երկրում գործող գործարանների, արդյունաբերության զարգացումն ապահովող կազմակերպությունների մեծ մասին տիրապետում է Ռուսաստանը: Նույնիսկ եթե արհամարհենք արդյունաբերական կամ գյուղատնտեսական ասպեկտը, ապա մեր երկրի գլխավոր խնդիրն այժմ ռազմականն է, իսկ ռազմական ոլորտում համագործակցություն առկա է և´ Արևմուտքի հետ` ՆԱՏՕ-ի, և´ Ռուսաստանի հետ` ՀԱՊԿ-ի շրջանակներում: Բայց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերաբերյալ կարելի է նշել, որ որոշակի պասիվություն, նույնիսկ սպասողական իրավիճակ է առկա` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակավոր սառեցման հետ, իսկ ահա ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն օրեցօր համալրվում է նոր պայմագրերով ու հուշագրերով:
Հնարավոր չէ անտեսել նաև Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների դերը, որոնք քաղաքացիական հասարակության հենասյունն են, և որոնց առաջացման կամ գործառնության մեջ, իհարկե, մեծ է Արևմուտքի դերը:
Բայց ժամանակակից մարտահրավերներն ստիպում են տարանջատել առաջնայինը երկրորդականից:
Իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի` ցավով եմ գրում այն մասին, որ Հայաստանն ստիպված է կողմնորոշվել որևէ ուղղությամբ ու հայցել որևէ կողմի օգնությունը, բայց հասկանում եմ, որ դա թելադրվում է աշխարհաքաղաքական գործոններով: Սա վաղ թե ուշ տեղի է ունենալու` չնայած այժմ վարվող կոմպլեմենտար քաղաքականությանը:



