Pastinfo.am-ը գրում է․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեւավորումը հարթ չի ընթանում. Նախագահի ընտրություններից հետո իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ Էդգար Շիթիրյանը հայտարարեց իր անդամությունը հանձնաժողովում դադարեցնելու մասին։ Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով հանձնաժողովի անդամները նախագահ ընտրեցին ոչ թե իշխող ուժը ներկայացնող թեկնածուին, այլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանին։ Ստեղծված իրավիճակի եւ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն փորձել է պարզել հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանի կարծիքը։

-Տիկին Հարությունյան, Էդգար Շաթիրյանը վայր դրեց լիազորությունները։ Ինչպե՞ս եք վերաբերվում, որ իշխող ուժի կողմից ընտրված անդամը վայր է դնում լիազորությունները՝ համարելով, որ իր նկատմամբ անվստահություն կա։

-Անձի որոշումը հարգում եմ, որևէ կերպ մեկնաբանելու ցանկություն չունեմ, և դա, ըստ էության, իր ընկալումն ու դիրքորոշումն է։ Եթե անձն իր որոշմամբ լքել է պաշտոնը, բացատրել է և այդ բացատրությունը հրապարակային տարածվել է, ապա ես նպատակահարմար չեմ գտնում իր փոխարեն ավել բան ասել։

-Այն հանգամանքը, որ նա կարծում է անվստահության կա իր հանդեպ, սա անհանգստության տեղիք չի՞ տալիս։

-Դա անձնական մակարդակում իր ընկալումն է։ Եթե բացատրեք՝ ինչ մասով, ես Ձեզ հետ երկխոսության մեջ կմտնեմ, բայց քանի որ նա դա անձի տեսանկյունից է գնահատում, ես չեմ ուզում իր փոխարեն ավել բացատրություն տալ։ Հստակ հանձնաժողովին՝ որպես կոլեկտիվ մարմին, չէ որ դիտարկել է, այլ դիտարկել է անձանց, ովքեր քվեարկել են կողմ կամ դեմ, հետևաբար այդ անձնական մակարդակը եկեք չտարածենք հանձնաժողովի գործունեության նկատմամբ անվստահություն և փորձենք այլ որակումներ տալ։

- Տիկին Հարությունյան, գիտենք, որ Էդգար Շաթիրյանը եղել է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։ Այս առումով նրա նկատմամբ վերապահում եղե՞լ է։ Արդյո՞ք հանձնաժողովի կազմում կա նախկինների և ներկաների տարբերակված մոտեցումը։

-Ոչ, նման բան չկա։ Քվեարկությունն ինքն իր ամբողջ տրամաբանությամբ, ամբողջ առաքելությամբ ուղղված է նրան, որ հանրության մոտ առաջին հենց այս քայլով ձևավորվի վստահություն, որ բոլոր գործընթացները լինելու են բաց, թափանցիկ, հրապարակային։ Այդ պահի դրությամբ այդ գործընթացը հրապարակվեց, լրագրողներին մասնակցության հնարավորություն տրվեց, ինչ կար տեղում, կար տեղում, ոչ դրանից հետո, ոչ էլ դրանից առաջ ավելին տեղի չի ունեցել, այսինքն առավելապես մենք մեր ջանքերը գործադրեցինք ապահովելու այդ թափանցիկությունը։ Ինչ տեղի ունեցավ հետո էլի անձնական մակարդակում ամբողջությամբ հրապարակային էր, դրանից ավել որևէ բան չի եղել։

-Ըստ էության՝ հանձնաժողովը պետք է սահմանի պաշտոնատար անձանց վարքագծի չափանիշները։ Այս առումով ցանկանում եմ իմանալ Ձեր վերաբերմունքը գործադիր իշխանության ղեկավարի կողմից դատական իշխանությանն ուղղված՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» հայտարարության վերաբերյալ։

-Ձեր հարցի առաջին հատվածում նշում եք, որ հանձնաժողովը պետք է սահմանի, հիմա ինձնից որպես հանձնաժողովի անդամ, նախագահ իմ վերաբերմունքն եք ուզում իմանալ։ Սպասեք հանձնաժողովը կսահմանի...

-Բայց հանձնաժողովը հիմա սահմանել չի կարող, քանի որ այս հայտարարությունն եղել է մինչ հանձնաժողովի ձևավորումը։

-Այդ դեպքում ինչու՞ եք հիմա ինձ այդ հարցը տալիս։

-Ձեզնից՝ որպես հանձնաժողովի նախագահ, գնահատական ենք ակնկալում նշված հայտարարությանը։ Ինչպես եք վերաբերվում վարչապետի՝ «վնգստացող դատավորներ» հայտարարությանը՝ էթիկայի տեսանկյունից։

-Ես՝ որպես անձ, հանձնաժողովի գործառույթից բխող (Ձեր առաջին մասը հարցի կառուցված էր հանձնաժողովի գործառույթից և ոչ թե անձի) և դրա շարունակությունն արդեն անձի գնահատականին ուղղված հարցին թույլ տվեք չպատասխանել։ Այո, հանձնաժողովը պետք է սահմանի պաշտոնատար անձանց վարքագծի չափանիշները, իսկ ինչ վերաբերվում է նախկինում արված հայտարարությունն այս պահին՝ որպես հանձնաժողովի անդամ, իմ գնահատականին, ապա ես դրա վերաբերյալ գնահատական չեմ տալիս։

-Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի տիկնոջ հիմնադրամի....

-Եթե հարցերը շարունակվելու են այդ մասով, եկեք սահմանենք հարցերի համաժամանակ, այն ժամանակ, երբ հանձնաժողովը կսկսի աշխատել, կունենա վարքագծի և մնացած բոլոր գործառույթներից բխող հիմքեր լիարժեք աշխատանքի, ապա խնդրեմ, հարցերն ուղղեք այդ ժամանակ։ Այս պահին եթե հանձնաժողովը միասնական վարքագծի և իր գործունեության մյուս գործառույթների իրականացման մասին դեռևս որևէ հիմք չունի, ես անձնական, անհատական մակարդակում այդ տեսակի հարցերին չեմ պատասխանի։

Հ.Գ. Հարցը, որին խուսափեց պատասխանել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը վերաբերում էր վարչապետի տիկնոջ հիմնադրամային գործունեությանը։ Մասնավորապես՝ նրա կարծիքով, արդյո՞ք այն համապատասխանում է միջազգային հակակոռուպցիոն ստանդարտներին։ Նախքան որպես Հանձնաժողովի անդամ առաջադրվելը երբևէ մտահոգություն հայտնե՞լ է այդ գործունեության ենթադրյալ կոռուպցիոն բնույթի վերաբերյալ։ Առավել եւս, երբ ԱԺ-ում ելույթ ունենալիս տիկին Հարությունյանը հայտարարեց, որ անգամ պաշտոնյաներին ուղղված հրավերներում առկա են կոռուպցիոն ռիսկեր։

Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն ակնհայտորեն ցուցաբերեց կաշկանդվածություն վարչապետի եւ նրա տիկնոջ գործունեության, հայտարարություններին գնահատականներ տալու հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել