Իր ծաղկման ժամանակաշրջանում Հռոմեական կայսրությունն աշխարհում հզորագույնն էր համարվում: Եվ պատահական չէ, որ հռոմեական իրավունքը հետագայում դարձավ ժամանակակից իրավագիտության հիմքը: Անգամ այսօր այն պարտավոր են իմանալ բոլորը՝ իրավաբանները, փաստաբանները, դատախազները, դատավորները և նրանք, ովքեր գործ ունեն օրենքի ու իրավունքի հետ: Սակայն Հին Հռոմում գոյություն ունեին այնպիսի օրենքներ, որոնք այսօր ոչ միայն դաժան են համարվում, այլև իրական բարբարոսություն:
Արգելված էր մանուշակագույն հագուստ կրել
Հռոմի քաղաքացիների հիմնական հագուտը տոգան էր, որը բրդե գործվածքից թիկնոց էր, որը փաթաթվում էր ողջ մարմնին: Տոգաները, որպես կանոն, սպիտակ էին լինում, և հաճախ մանուշակագույն կամ ոսկեգույն գծեր էին ունենում: Սգավորները սև կամ մոխրագույն տոգաներ էին կրում: Որևէ խիստ կանոն տոգայի գույնի ընտրության հարցում Հռոմում չէր գործում՝ բացի մեկից. մանուշակագույն տոգա իրավունք ուներ կրելու միայն կայսրը: Եվ այս սահմանափակումը ելնում էր միայն պրագմատիկ նկատառումներից: Բանն այն է, որ այդ ժամանակ մանուշակագույն ներկը չափազանց թանկ արժեք ուներ: Այն պատրաստում էին միայն Փյունիկիայում ու Հռոմ էին բերում կայսրի հատուկ հրամանով: Մեկ տոգան ներկելու համար բավարար ներկանյութ պատրաստելու համար անհրաժեշտ էր սպանել շուրջ 10 հազար կակղամորթ, հետևաբար, կարելի է ասել, որ մանուշակագույնը բառի բուն իմաստով ոսկու գին ուներ:
Արգելված էր մեծ խնջույքներ անցկացնել
Հին Հռոմում տարածված էին այնպիսի օրենքներ, որոնք դեմ էին ավելորդ շքեղություններին հագուստում, սննդում ու այլ բոլոր ոլորտներում: Այդպիսին էր Գայոսի օրենքեներից մեկը, որը վերագրվում է մ.թ.ա. 181 թ.-ին, և որը սահմանափակում էր խնջույքների համար տրամադրվող եկամուտների չափը: Ավելի ուշ ընդունվեց այդ օրենքի առավել խիստ տարբերակը, որը արգելում էր սեփական տանը հյուրասիրություն կազմակերպել ավելի քան 3 հյուրի համար, իսկ շուկայի օրերին՝ ավելի քան 5 հյուրերի. այդպիսի օրերը ամսվա ընթացքում 3-ն էին: Ուտելիքի համար տրամադրված գումարը չպետք է գերազանցեր 2,5 դրահման. ապխտած մասի համար տարեկան թույլատրվում էր ծախսել ոչ ավելի, քան 15 տաղանդ:
Թաղումների ժամանակ արգելված էր լաց լինել
Հին Հռոմում թաղումները հետաքրքիր կերպով էին անցկացվում: Հանգուցյալի մարմինը, հատկապես եթե նա հայտնի ու հարուստ մարդ էր, որպես կանոն, ուղեկցում էր մունետիկը: Մարմինը հողին հանձնելուց կամ այրելուց առաջ հանգուցյալի մարմինը շրջում էին քաղաքում: Թաղման արարողության սկզբում նվագում էին երաժիշտները, ավելի ուշ հայտնվում էին լացողները, այնուհետև՝ հանգուցյալին գովերգողներն ու դերասանները, որոնք հանգուցյալի կյանքից դրվագներ էին բեմադրում: Ինչքան հայտնի ու հարգված էր եղել հանգուցյալը կյանքում, այնքան շատ լացողներ էին ներգրավվում թաղման ընթացքում: Ամբողջապես օտար կանայք, որոնք անգամ ծանոթ չէին հանգուցյալին, պոկում էին սեփական վարսերը: Վերջիվերջո բանը հասավ նրան, որ թաղումների ժամանակ լացելն ուղղակիորեն արգելվեց, որպեսզի մարդիկ նման դերասանների այլևս չվարձեն:
Հայրն իրավունք ուներ սպանելու իր դստեր սիրեկանին
Հին Հռոմի օրենսդրական համակարգը ամուսնական հարցերին յուրօրինակ լուծումներ էր տալիս: Եթե ամուսինն իր կնոջը բռնեցնում էր սիրեկանի հետ, ապա պարտավոր էր նրանց երկուսին պահել տանը ու, որքան հնարավոր է, շատ հարևանների կանչել, որպեսզի նրանք ֆիքսեն դավաճանության փաստը: Պաշտոնական մեղադրանքից հետո տղամարդը պարտավոր էր ամուսնալուծվել կնոջից, որպեսզի նրան էլ չմեղադրեին սուտ վկայություն տալու համար: Այն դեպքում, եթե կնոջ սիրեկանը դերասան էր կամ ազատ արձակված ստրուկ, տղամարդը լիարժեք իրավունք ուներ նրան սպանելու: Իսկ ահա եթե հայրը իր չամուսնացած աղջկան էր բռնեցնում սիրեկանի հետ, ապա իրավունք ուներ այդ սիրեկանին ծեծի ենթարկելու՝ անկախ նրա սոցիալական դիրքից: Մյուս կողմից՝ եթե տղամարդիկ իրենց կանանց դավաճանում էին մարմնավաճառների, դերասանուհիների կամ այլ կանանց հետ, ապա իրավական պատասխանատվության չէին ենթարկվում:
Մերձավոր բարեկամին կամ ծնողին սպանած մարդուն կենդանիների հետ միասին պահում էին կաշվե պարկում
Այսպիսի մահապատժի ենթարկում էին սովորաբար այն հռոմեացիներին, որոնք մերձավոր ազգականներին էին սպանում: Մասնավորապես՝ ծնողասպաններին գցում էին օձերով, շներով կամ կապիկներով լի պարկի մեջ: Սա նաև համարվում էր ամենանվաստացուցիչ մահապատժի եղանակը: Արիստոկրատներին հիմնականում այլ կերպ էին պատժի ենթարկում:
Մարմնավաճառները պարտավոր էին իրենց վարսերը կարմիր կամ շեկ ներկել
Արշավանքների ու նվաճումների արդյունքում հսկայական կայսրության մայրաքաղաքը «պատեցին» Գերմանիայից ու Գալիայից կին գերիները: Հաճախ նրանք հայտնվում էին հասարակաց տներում ստրկուհիների ու մարմնավաճառների կարգավիճակում: Նրանց մեջ գերակշռում էին շիկահերներն ու կարմրահերները, և որոշ ժամանակ անց պաշտոնական հրաման արձակվեց, որ Հռոմի բոլոր մարմնավաճառուհիները պետք է մազերը ներկեն շեկ կամ կարմիր գույներով, որպեսզի տարբերակվեն մյուս կանանցից:
Ինքնասպանություն գործելու համար հարկավոր էր սենատի թույլտվությունը ստանալ
Այն ժամանակ քաղաքացիներին չէր թույլատրվում հենց այնպես, սեփական կամքով ինքնասպանություն գործել: Եթե մարդը ցանկանում էր գնալ այդ քայլին, ապա պարտավորվում էր պաշտոնական խնդրանքով դիմել սենատին՝ ներկայացնելով հստակ պատճառներ: Եթե սենատորները այդ պատճառները բավարար էին համարում, ապա մարդուն անվճար թույն էին տրամադրում կյանքից հեռանալու համար:
Հայրը իրավունք ուներ երեք անգամ իր երեխաներին ստրկության վաճառելու
Հռոմում ընտանիքի հայրը մեծ հարգանքի էր արժանանում ու շատ իրավունքներ ուներ: Այդպիսի իրավունքներից մեկը սեփական երեխաներին ժամանակավոր ստրկության տալն էր: Ժամանակավոր կլիներ դա, թե մշտական՝ կրկին հայրն էր որոշում: Մեզ հասած տեքստերում հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ որ դեպքերում էին նման համաձայնություններ կնքվում, ու որոնք էին սահմանափակումները: Հայտնի է, որ ինչ-որ պահի հայրը կարող էր պահանջել, որ որդին իրեն հետ վաճառվի: Այդ դեպքում նա կրկին իշխանություն էր ստանում իր երեխայի վրա ու կրկին կարող էր վաճառել նրան: Սակայն 12 աղյուսակների օրենքներում թույլատրվում էր այսպիսի վաճառք կատարել միայն երեք անգամ: Երրորդ անգամից հետո երեխան ամբողջապես ազատվում էր հոր իշխանությունից:
Ընտանիքի հայրը կարող էր օրինական ճանապարհով սպանել ողջ ընտանիքին
Սա հատկապես վառ էր արտահայտվում Հռոմի նախակայսերական ժամանակաշրջանում: Ընտանիքի հայրը համարվում էր դինաստիայի ավագ անդամը: Նրան մեծ իրավունքներ էին շնորհվում: Եթե նրա որդիներն արդեն մեծ էին ու սեփական ընտանիքներ ունեին, եթե դեռ ողջ է նրա հայրը, ապա հենց նա է համարվում ընտանիքի գլուխը: Նրան են պատկանում և՛ որդու կինը, և՛ երեխաները: Ընտանիքի հայրը կարող էր դավաճանության համար հանգիստ կերպով սպանել կնոջը, դստերը՝ ապօրինի հարաբերությունների համար, իսկ որդուն՝ իրավախախտումների համար: