Pastinfo.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև։

Միհրան Պողոսյանը, միանալով Հովհաննես Խուդոյանի՝ դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ ներկայացնելու միջնորդությանը, նշեց, որ Կարեն Բիշարյանը ոչ թե առաջնորդվում է օրենքով, այլ որոշակի քաղաքական պահանջներին համահունչ գործողություններ է կատարում. «Կարեն Բիշարյանը կա՛մ 2018 թվականի փետրվարի 23-ին է քաղաքական պատվեր կատարել՝ հայտարարելով, որ որևէ հանգամանք չկա, կա՛մ հիմա է քաղաքական պատվեր կատարում։ Երկու պարագայում էլ պարոն Բիշարյանը չի գործում օրենքների և դատախազության մասին օրենքով սահմանված կարգով»,-նշեց Միհրան Պողոսյանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը ցանկացավ առարկել, որին ի պատասխան՝ Միհրան Պողոսյանը հորդորեց չընդհատել իրեն, ինչի հետևանքով ընդհարում տեղի ունեցավ։

«Հարգելի դատարան օրենքով սահմանված կարգ է՝ առարկել դիմացինի գործողությունների դեմ։ Ի՞նչ է նշանակում դու ինձ մի ընդհատիր։ Կկտրեմ ձենդ՝ չես մոռանա»,-ասաց դատախազը։

Դատավորն ընդմիջում հայտարարեց, որից հետո հնարավորություն տվեց Միհրան Պողոսյանին և Գևորգ Բաղդասարյանին արտահայտվել իրենց վարքագծի կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել