Պապուա Նոր Գվինեաում է գտնվում Սեպիկ գետը, որն իր երկարությամբ հանգիստ կարող է համեմատվել անգամ Ամազոնի ու Նեղոսի հետ։ Գետն այնքան հայտնի է, որ իր շուրջը բնակվող բոլոր ցեղերը անվանվում են հենց նրա անունով՝ սեպիկներ։ Նրանցից մեկը՝ մարդ-կոկորդիլոսների ցեղը, համարվում է աշխարհի միակ ցեղը, որը ոչ միայն ապրում է կոկորդիլոսների հետ կողք կողքի, այլ նաև անում ամեն բան իրենց պաշտելի այս կենդանիներին նմանվելու համար։

Նախ՝ նշենք, որ այս ցեղը, որին ևս անվանում են սեպիկներ, վստահ է, որ իրենց նախնիները եղել են հենց կոկորդիլոսներ, ու դա է պատճառը, որ իրենք պետք է անեն ամեն բան կոկորդիլոսներին նմանվելու համար։ Ըստ ցեղում տարածված լեգենդի՝ մի օր կոկորդիլոսները դուրս են գալիս Սեպիկ գետից ու հայտնվում ցամաքի վրա։ Նրանք այնքան երկար են ապրում ցամաքի վրա, որ սկսում են քիչ-քիչ մարդու նմանվել, ու հենց այս մարդիկ էլ եղել են իրենց նախնիները։ 

Սեպիկ գետի ամենահայտնի բնակիչները հենց կոկորդիլոսներն են, որոնցից ենթադրվում է, որ պետք է վախենան ցեղի բնակիչները, որոնք ապրում են կոկորդիլոսների հենց կողքին։ Սակայն այդպես չէ։ Այս մարդիկ ոչ միայն չեն վախենում նրանցից, այլ նաև անում են ամեն բան, որպեսզի նրանց նմանվեն։ Այստեղ կոկորդիլոսը սուրբ կենդանի է, որին տեղացիներն ուղղակի պաշտում են։ Նրանք կոկորդիլոսներին անգամ օգտագործում են որպես փոխադրամիջոցի, սնվում են միայն կոկորդիլոսի ձվով և անգամ իրենց մաշկը պատում հատուկ սպիներով՝ կոկորդիլոսներին ավելի շատ նմանվելու համար։ 

Հատկապես հատկանշական է վերջին ծիսակարգը՝ մաշկը հատուկ սպիներով պատելը։ Այս ծիսակարգը չափից դուրս ցավոտ է,  բայց ցեղում հարգում են միայն այն տղամարդկանց, ովքեր իրենց մարմինին ունեն «կոկորդիլոսի նշաններ»։ Չափահաս դառնալուն պես ցեղի տղաները պարտավոր են գնալ ցեղի ավագ անդամի մոտ, որը պետք է սկսի տղաների մաշկի «կոկորդիլոսացումը»։ Դրանից հետո է միայ համարվում, որ տղան արդեն չափահաս է ու հասուն ու կարող է ամուսնանալ, ընտանիք կազմել։ Սակայն մտածել, որ միայն ցեղի տղամարդիկ են պատում իրենց մարմինն այսպիսի սպիներով չափազանց սխալ կլինի։ Ցեղի որոշ կանայք ևս իրենց մարմնին այսպիսի սպիներ են կրում, սակայն կանանց դեպքում սա կատարվում է ըստ ցանկության, քանի որ տղամարդիկ հասկանում են, որ կնոջ համար այս գործընթացը կարող է ավելի ցավոտ լինել։ Սպիները կրելու գործընթացից հետո ցեղի այդ անդամը պարտավորվում է 3 ամիս ապրել միայն անտառում, որպեսզի ավելի լավ ընդունի կոկորդիլոսի կյանքն ու էությունը, որից հետո միայն նա կարող է վերադառնալ իր ընտանիք։ 

Ցեղում անգամ տաճարները կառուցված են այնպես, որ նման լինեն կոկորդիլոսի, իսկ այն տարածքը, որտեղ ապրում է ցեղը, ամբողջովին պատված է կոկորդիլոսի հիշեցնող նշաններով։ Այս ամենն արվում է նրա համար, որ անգամ օտար մարդիկ, հայտնվելով ցեղի տարածքում, հասկանան, որ նրանք այցելել են մարդ-կոկորդիլոսներին։ Չնայած դրան՝ մարդ-կոկորդիլոսների տարածք հասնելն ու նրանց գտնելը չափազանց դժվար է։ Այստեղ կարելի է հայտնվել միայն հատուկ երթուղով կամ հատուկ ուղեկցի միջոցով, ով ծանոթ է տարածքին ու կարող է ձեզ այնտեղ տանել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել