Նոյեմբերի 20-ին Ատլանտա նահանգում տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության հինգերորդ բանավեճը։ Բանավեճին մասնակցում էին 10 թեկնածուներ, որոնք բավարարում էին առաջադրված պահանջներին, այն է՝ Դեմոկրատական ազգային համագումարի կողմից հաստատված 4 հարցումներում հավաքել առնվազն 3% ձայն կամ նախնական ընտրությունների 4 նահանգների (Այովա, Նյու Հեմփշիր, Նևադա, Հարավային Կարոլինա) 2 հարցումներում՝ 5%։
Բանավեճին մասնակցող թեկնածուներն էին՝

Նախկին փոխնախագահ Ջո Բայդեն,
Սենատոր Քորի Բուքեր (Նյու Ջերսի),
Հարավային Բենդի քաղաքապետ Փիթ Բութիջիջ,
Կոնգրեսի անդամ (Հավայի) և իրաքյան պատերազմի վետերան Թուլսի Գաբբարդ,
Սենատոր Քամալա Հարիս (Կալիֆոռնիա),
Սենատոր Էմի Կլոբուչար (Մինեսոտա),
Սենատոր Բերնի Սանդերս (Վերմոնտ),
Միլիարդատեր և շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստ Թոմ Սթեյեր,
Սենատոր Էլիզաբեթ Ոուրեն (Մասաչուսեթս),
Գործարար և տեխնոարդյունաբերության վետերան Էնդրյու Յանգ։

Թեև, համաձայն հարցումների մեծամասնության, Ջո Բայդենն առաջատար թեկնածուն է և ունի լատինո և սևամորթ ընտրողների աջակցությունը, այնուամենայնիվ, Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը և քաղաքապետ Փիթ Բութիջիջը նրա համար լուրջ մրցակիցներ են այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Այովան և Հեմփշիրը։
Ինչ վերաբերում է թեկնածուների խոսելաժամանակին, ապա հարկ է նշել, որ, ինչպես կանխատեսվում էր, ամենից շատը խոսել է Էլիզաբեթ Ուորենը, ում հաջորդել է նախկին փոխնախագահ Բայդենը։ Այնուամենայնիվ, նրանց խոսելաժամանակների միջև տարբերությունը այս անգամ չնչին էր՝ ի տարբերություն նախորդ բանավեճի։ Հետաքրքրական է, որ Փիթ Բութիջիջը երրորդ տեղում է՝ գրեթե նույն խոսելաժամանակով, ինչ Ջո Բայդենը։

Բախումները բանավեճի ընթացքում

Թուլսի Գաբբարդի հակասական այն պնդումը, որ «Դեմոկրատական կուսակցությունն այն կուսակցությունը չէ, որը ժողովրդինն է, գործում է ժողովրդի կողմից և ժողովրդի համար։ Այն մի կուսակցություն է, որը ազդեցություն է կրել և շարունակում է այդ ազդեցությունը կրել Վաշինգտոնի արտաքին քաղաքական իստեբլիշմենտի կողմից, որը ներկայացնում է Հիլարի Քլինթոնը և ուրիշների արտաքին քաղաքականության, ռազմաարդյունաբերական համալիրի և այլ ագահ բաժնետիրական շահերի կողմից» հանգեցրեց Թուլսի Գաբբարդի և սենատոր Հարրիսի միջև բախման։ Վերջինս մատնանշեց, որ «ցավալի է, որ բեմում կա մեկը, ով ցանկանում է լինել նախագահի դեմոկրատ թեկնածուն, բայց Օբամայի վարչակազմի ընթացքում չորս տարի շարունակ Fox News-ով քննադատում էր նախագահ Օբամային»։

Թոմ Սթեյերը աչքի է ընկնում մյուս թեկնածուներից Կոնգրեսի անդամների պաշտոնավարման ժամկետի սահմանափակման իր առաջարկով, ինչին, ըստ իրեն, Ջո Բայդենը և մյուս թեկնածուները չեն համաձայնի։ Սա Ջո Բայդենի և Թոմ Սթեյերի միջև հակասության միակ թեման չէր։ Ավելի ուշ Սթեյերը պնդեց, որ ինքը «միակ թեկնածուն է, ով կարող է ասել, որ կլիմայի խնդիրը համար մեկ առաջնահերությունն է իր համար»։ Սրան հետևեց Ջո Բայդենի կոշտ արձագանքն առ այն, որ ինքը նման դասախոսության կարիք չունի»։

Թուլսի Գաբբարդը դարձավ նաև մեկ այլ բախման մասնակից, այս անգամ իր և Բութիջիջի միջև։ Գաբբարդը նշեց, որ քաղաքապետ Բութիջիջը չունի բավարար փորձ գլխավոր հրամանատար լինելու համար կապված վերջինիս այն դիտարկման հետ, որ Փիթ Բութիջիջը զորք կուղարկի Մեքսիկա կարտելների դեմ պայքարելու համար։ Բութիջիջը հակադարձեց՝ նշելով, որ Թուլսիի նշած տողերը կոնտեքստից կտրված են և բերեց հակափաստարկ՝ կապված հենց Գաբբարդի՝ գլխավոր հրամանատարի պաշտոնին համապատասխանելու հետ, քանզի վերջինս հանդիպում է ունեցել այնպիսի «բռնապետի» հետ, ինչպիսին է Բաշար ալ Ասադը։

Մեկ այլ բախում տեղի ունեցավ երեք թեկնածուների ՝ Քամալա Հարիսի, Ջո Բայդենի և Քորի Բուքերի միջև։ Բայդենը խոսեց, որ ինքը վայելում է ԱՄՆ Սենատ ընտրված միակ աֆրոամերիկացի կնոջ աջակցությունը։ Խնդիրն այն է, որ այդ կինը միակը չէ, սենատ ընտրված մյուս աֆրոամերիկացի կինը Քամալա Հարիսն է։ Վերջինս Քորի Բուքերի հետ միասին անմիջապես արձագանքեցին Բայդենի այդ սխալ դիտարկմանը։ Բայդենն իր հերթին նշեց, որ ասել է «առաջին, այլ ոչ թե միակ»։

Ուշագրավ մեջբերումներ բանավեճից

Էմի Կլոբուշար․ «Եթե դուք կարծում եք, որ կինը չի կարող պարտության մատնել Թրամփին, ապա Նենսի Փելոսին դա անում է ամեն օր»։
Էնդրյու Յանգ․ «Մենք այնպես ենք խոսում, կարծես թե Դոնալդ Թրամփն է մեր բոլոր խնդիրների պատճառը։ Դա այդպես չէ։ Նա ախտանիշն է, և մեզ անհրաժեշտ է բուժել հիվանդությունը»։

Բերնի Սանդերս․ «Մենք ունենք մի նախագահ, ով ոչ միայն հիվանդագին ստախոս է, այլև, հավանաբար, ամենակոռումպացված նախագահը Ամերիկայի նորագույն պատմության մեջ»։

Քորի Բուքեր․ «Ես մեծ հարգանք ունեմ փոխնախագահի նկատմամբ։ Նա ինձ իմ պաշտոնը ստանձնելիս երդման է բերել ինչպես հերոս։ Այս շաբաթ ես լսեցի, թե ինչպես նա բառացիորեն ասաց, որ չի կարծում, որ մարիխուանան պետք է օրինականացվի։ Կարծում եմ, որ ինչ-որ բանի ազդեցության տակ եք եղել, երբ դա ասել եք»։

Ջո Բայդեն․ «Որոշ բաներ պարզ դարձան ինձ համար իմպիչմենտի այս դատաքաննությունից։ Առաջին՝ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ ես դառնամ (Դեմոկրատական կուսակցության) թեկնածուն․․․ Երկրորդ՝ ես բացահայտեցի, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, որ ես լինեմ նախագահ»։

Թուլսի Գաբբարդ․ «Դեմոկրատական կուսակցությունն այն կուսակցությունը չէ, որը ժողովրդինն է, գործում է ժողովրդի կողմից և ժողովրդի համար։ Այն մի կուսակցություն է, որը ազդեցություն է կրել և շարունակում է այդ ազդեցությունը կրել Վաշինգտոնի արտաքին քաղաքական իստեբլիշմենտի կողմից, որը ներկայացնում է Հիլարի Քլինթոնը և ուրիշների արտաքին քաղաքականության, ռազմաարդյունաբերական համալրի և այլ ագահ բաժնետիրական շահերի կողմից»։

Թոմ Սթեյեր․ «Եթե ցանկանում եք հստակ փոփոխություն Միացյալ Նահանգներում, ձեզ պետք են նոր և տարբեր մարդիկ երկրի ղեկին»։

Բերնի Սանդերս․ «Մեզ համար այլևս լավ չէ լինել պարզապես իսրայելամետ։ Ես իսրայելամետ եմ, բայց մենք պետք է նույնպիսի հարգանքով և արժանապատվությամբ վերաբերվենք Պաղեստինի ժողովրդին, որին նրանք արժանի են»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել