168.am-ը գրում է․

«Կուսակցությունների մասին» օրենքը կփոփոխվի: Առաջարկվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանի կարծիքով՝ այս օրենքը խորհրդարանական համակարգի ճանապարհը բռնած երկրի համար շատ կարևոր է:

«Գուցե մի քիչ աբսուրդ բան ասեմ, բայց պառլամենտարիզմի ճանապարհը բռնած պետության համար «Կուսակցությունների մասին» օրենքը, ըստ էության, Սահմանադրությունից ավելի կարևոր է: Պետք է արձանագրենք, որ ունենք 4 առաջնահերթություն. առաջինը կուսակցությունների  ֆինանսական հնարավորությունների համահարթեցումն է: Այսինքն, ինչքան որ հնարավոր է՝ հավասարեցնենք մեկնարկային  հնարավորությունները բոլոր կուսակցությունների համար:   Երկրորդը կուսակցությունների հանդեպ թափանցիկության, հաշվետվողականության և վերահսկելիության մեխանիզմների ամրապնդումն է: Այս երկուսից բխում է երրորդը, որը բոլորիս նպատակն է. կուսակցությունների՝ հանրային վստահության մակարդակի բարձրացում և քաղաքացիների հետ կապի ամրապնդում»:

Փորձագետի խոսքով՝ կուսակցություններն ընտրողների առջև պետք է հաշվետու լինեն. «Իսկ  ամենակարևոր կետը, որը, ինձ թվում է՝ պետք է կարևոր լինի ազգային անվտանգության համար, դա ապօրինի ֆինանսների մուտքի բացառումն է քաղաքական դաշտ: Դա կարող է լինել օլիգարխի կողմից քաղաքականության մեջ ֆինանսներ «սրսկելու փորձ», կարող  է լինել այլ երկրի կողմից որևէ կուսակցությանն օժանդակելու փորձ, բայց խնդիրն այն է, որ ապօրինի ֆինանսների մուտքը պետք է արգելել»: Այս պահանջներն ամրագրված են թե նախկին օրենքում և թե առաջարկվող  նախագծում:  «Ինձ համար պետական դավաճանությանը համարժեք է, եթե օտարերկրյա որևէ աղբյուրից որևէ կուսակցություն անգամ մեկ լումա վերցնի: Սփյուռքահայերի կողմից ֆինանսավորման մասով էլ պետք է  կարողանանք գտնել այնպիսի ձևաչափ, որ, եթե անգամ մասնակցեն կառույցների ֆինանսավորմանը, պետք է  այնպես մասնակցեն, որ չկարողանան օգտագործել օտարերկրյա այլ կենտրոնները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաչիկ Հարությունյանը:

Փորձագետն անդրադարձավ նաև կուսակցությունների ներսում ժողովրդավարության ապահովման հարցին, որը կկանխի  անձ-կուսակցությունների գոյությունը: «Եթե կուսակցությունների ներսում չկա ներքին ժողովրդավարություն, բնականաբար, շատ հեշտ է իշխանություն վերցնել կուսակցությունում և դառնալ անձ-կուսակցություն»,- ասաց փորձագետը:

Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի կարծիքով էլ՝ «ԱՄՆ-ը լավ օրինակ չէ, երբ խոսում ենք քաղաքականության մեջ փողի վերահսկողության կարգավորման մասին: Այնտեղ մոտեցումն այլ է, իսկ մենք շատ ավելի միտված ենք նայել եվրոպական երկրների լավագույն օրինակներին: Եվրոպական միության երկրների մեծ մասում կա շատ հստակ սահմանափակում՝ իրավաբանական անձանց կողմից կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված: Այստեղ նաև  փիլիսոփայական հարց կա. կուսակցությունը միավորում է, որի շրջանակներում անհատ քաղաքացիներն առաջ են մղում իրենց տեսակետները, գաղափարախոսությունը, հետևաբար՝ ֆինանսավորում կարող են իրականացնել անհատները: Երկրորդ կարևոր հանգամանքն անհատների կողմից նվիրատվության և անդամավճարի չափն է: Այստեղ ունենք կոնսենսուս. տարեկան կտրվածքով ունենալու ենք միասնական սահմանաչափ՝ մեկ մարդու համար, և առավելագույն սահմանաչափն էապես կրճատվելու է 50 տոկոսով: Այժմ խոսքը 10 միլիոն դրամի մասին է: Սրա նպատակը նաև այն է, որ կուսակցություններն ի վերջո մեկ կամ մի քանի հարուստ մարդկանց գերի չդառնան»,- ասաց Համազասպ Դանիելյանը՝ շեշտելով, որ դրսից  ֆինանսավորումն արգելող դրույթներ կան նաև գործող օրենքում, սակայն  գործնականում դրանք չեն կիրառվում:

Շարունակելով  գործընկերոջ միտքը՝ օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ուղղեց. «Ինչո՞ւ չեն գործել տվյալ օրենքի հոդվածները, որովհետև առաջին հերթին՝ պատժի հետ կապված՝ օրենքում կա ընդամենը երկու սանկցիա. դա կուսակցության գործունեության կամ կասեցումը, կամ արգելումն է: Չկա տվյալ կուսակցությանն ուղղվելու հնարավորություն տվող սանկցիա:

Մենք կարծում ենք, որ  կուսակցությունների ֆինանսավորումը պետք է բացարձակ թափանցիկ լինի: Եթե որևէ հայտնի, մեծահարուստ մարդ ցանկանում է կուսակցությանը ֆինանսավորել, պետք է որպես ֆիզիկական անձ ֆինանսավորի՝ իր դեմքով, անձնագրով»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի դրությամբ Հայաստանում կա գրանցված 80-ից ավելի կուսակցություն:

«Մեծ մասը ներկայացնում է զրոյական հաշվետվություն, այսինքն՝ ոչ մուտքեր են եղել, ոչ ծախսեր: Մենք կուսակցությունների թվի նվազեցման հարց չենք դնում, բայց մեզ համար ակնհայտ է, որ կուսակցությունները դրանք այն մարմիններն են, որոնք Սահմանադրությամբ ունեն բացառիկ իրավունք՝ մասնակցել պետության կառավարմանը, հետևաբար՝ պետք է ակնկալենք իրապես թափանցիկ գործունեություն»,- եզրափակեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել