Pastinfo.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ապահովի բոլոր տեղահանվածների, փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը: Այս մասին, նոյեմբերի 21-ին, Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ադրբեջանցի և հայ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և նրանց համատեղ բնակվելը, ինչպես դա եղել է նախքան կոնֆլիկտը:

Ըստ Զախարովայի, դրա մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները:

Զախարովան պատասխանել է նաև այն հարցին, թե հնարավոր է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանցի տեղահանվածների մասնակցությունը ղարաբաղաբնակ հայերի հետ միասին: Դիվանագետը նշել է, որ բանակցային ձևաչափի հարցը պետք է ուղղված լինի առաջին հերթին այն կողմերին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը:

«Այժմ բանակցային գործընթացը ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակով, և եթե երկու պետությունների միջև համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մենք մեր կողմից կաջակցենք այդ համաձայնագրերին», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել