ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտնող՝ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո, որի արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով:

ՀՔԾ-ից հայտնում են, որ խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում:

Դեպքին արձագանքել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,-Facebook-ում գրել էր Թաթոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել