Pastinfo.am-ը գրում է․
Վերջին շրջանում ընդդիմադիր ճակատում տեղի ունեցող համախմբման գործընթացները փաստելով առկա իրավիճակը, այն է՝ ի ցույց դնելով երկրի վտանգված, պատկերավոր ասած՝ ականապատված բոլոր դաշտերը, լուրջ հայտ և պատրաստակամություն են ներկայացնում՝ ախտահարված ամբողջ սպեկտրի ախտահանմանն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու համատեքստում:
Եվ քանի որ այդ դաշտերը պետության, ազգի և անհատի համար խարսխային նշանակություն ունեցող են, ուստի քանի գնում, այնքան լայն շրջանակներ՝ սկսած կուսակցություններից, ավարտած՝ կրթական ու գիտական շրջանակներով, պրոֆեսորադասախոսական կազմով, մանր ու միջին բիզնես ոլորտի ներկայացուցիչներով ու Հայաստանի պարզ, ցածր ու միջին աշխատավարձով իր առօրյա խնդիրները հոգացող քաղաքացիներով, որոնք թավշյա հիպնոսից դուրս գալով՝ առնվազն իրենց միկրոմիջավայրում կոնկրետ հարցադրումներ են անում՝ ի՞նչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիսին և դեպի ու՞ր ենք գնում ազգովի:
Այս որքան դյուրին, նույնքան էլ՝ բարդ հարցերի պատասխանները բազմիցս տրվել են, ընդ որում, բոլորովին վերջերս շատ կանոնակարգված դրանց անդրադարձել է և՛ երկրորդ նախագահն առանձին հարցազրույցով, և «Վերնատուն», ակումբի շուրջ համախմբված քաղաքական գործիչներն են իրենց մտահոգություններն արտահայտել:
Իսկ այս օրերին, մինչ ներկա վարչապետը Իտալիա էր հասցնում այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» բերած սիրո և հանդուրժողականության լեգենդը՝ այնտեղ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը լսելով նաև ոչ հաճելի խոսքեր, ՀՀ 3-րդ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է լռությունը խախտում՝ Զագրեբում ԵԺԿ համագումարի ընթացքում ուշագրավ հայտարարություններ անելով՝ հեղափոխության անվան տակ իշխանության եկածների օրոք «երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումների շուրջ, սկսած՝ սահմանադրականության հիմքերի խաթարումից՝ իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքի ոտնահարումից, դատական իշխանության անկախության հանդեպ ոտնձգություններից քաղաքական հետապնդումներից, մինչև՝ անհանդուրժողականության և ատելության ահագնացող խոսք ու մթնոլորտին անդրադառնալով:
Բնականաբար, Ս. Սարգսյանի բարձրաձայնած մտահոգությունների համատեքստում է Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլի պատային վիճակը, քանզի ըստ նրա՝ «ցանկացած` անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից»:
Իհարկե, գաղտնիք չէր նրա այն շեշտադրումը «թե՝ մեր աչքի առաջ Ադրբեջանը շարունակում է զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին» իսկ երկրորդ նախագահի ուղերձը՝ Բաքվին, թե՝ « Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում,,՝ ըստ էության, զգալի պնդացրեց Հայաստանի ու Արցախի անվտանգության խնդրի շուրջ առկա համախմբման օղակը:
Եթե Սերժ Սարգսյանը նախորդ իշխանությունն էր ներկայացնում և այդպիսով իսկ՝ մերժված էր, ապա արդեն իսկ շատ ուշագրավ պատառիկներ ենք ստանում ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանից, որը որոշ ժամանակ առաջ հայտարարությամբ լքեց զբաղեցրած պաշտոնը՝ փաստելով, որ իր և Փաշինյանի միջև մեծ տարաձայնություններ կան:
Այն, որ ԱԱԾ ղեկավարը հայտարարում է, թե՝ «հանրությունը մոլորության մեջ է» արդեն շատ հստակ ցուցանում է ներկա իշխանության կեղծ ու մանիպուլյատիվ էությունը: Եվ վկայողը ներսից է, ընդ որում, ամենաինֆորմացված պաշտոնյան:
Վանեցյանի մեկ այլ ձևակերպումը առնչվում է հանրապետությունում իրականացվող ստուգումներին՝ ի ցույց դնելով դրանց մեխանիկան: Ասելով, թե՝ «Նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է լինեն»նա ըստ էության, այդպիսով հաստատում է, որ հենց այդպիսիք են նախորդիվ եղել:
Ի վերջո, նրա մեկ բառով ասված՝ «Այո »-ն Հայաստանում Սորոսի գրասենյակի գործունեության վտանգ պարունակելու վերաբերյալ հարցին, որևէ տրամաբանող մարդու համար նորություն չէր, սակայն, եկեք պատկերացնենք, թե ԱԱԾ նախկին ղեկավարի /ասում են, այս դեպքում՝ նախկին չեն լինում/ այդ մեկ հատիկ «այո»-ն հազարավոր վտանգներով լի ինչ տողատակեր, շերտեր ու ենթաշերտեր է պարունակում: Տրանսատլանտյան, դրսից՝ մեր ներսը, երկիրը քանդող…



