AntiFake.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցերին, մի քանի փաստեր նշեց` կապված մասնավորապես` Հայաստանի տնտեսական զարգացման, կենսաթոշակների, բանակի սպառազինության, կրթական համակարգի հետ: Պարզենք, թե որքանով են ճիշտ կամ սխալ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններից մի քանիսը: AntiFake.am-ը հետևողականորեն ուսումնասիրելու է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները:
Այսպես.
- «Հայաստանի միջազգային պահուստների ծավալները տարվա վերջում ավել կլինեն մոտավորապես 1 մլրդ դոլարով»:
Այս թվի ճգրտությունը ստուգելու համար կարող ենք համեմատել Կենտրոնական բանկի կողմից հրապարակված և բաց աղբյուր հանդիսացող վիճակագրական տվյալները: Վիճակագրության մեջ նշված են, բնականաբար, մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը ներառող ցուցանիշները: Ստորև աղյուսակում նշված է. 2018թ. հոկտեմբեր ամսին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 2,082,86 մլն դոլար (1,012,77 մլրդ դրամ), իսկ այս տարվա նույն ժամանակամիջոցում` 2,468,45 մլն դոլար (1,171,30 մլրդ դրամ): Տարբերությունը ստացվում է 385,590,000 դոլար` մոտ 385,6 մլն դոլար:
Հաշվի առնելով` որ վերը նշված թիվը այդքան էլ չի ձգտում գոնե կես միլիարդ դոլարի սահմանին, կարող ենք փաստել, որ այն պայմաններում, երբ տարեվերջին մնում է ընդամենը մեկուկես ամիս, գործնականում անհնարին կլինի մեկ միլիարդ դոլարի ավելացումը ապահովելը:
Ուստի, վարչապետ Փաշինյանի կողմից ներկայացված այս հայտարարությունը սխալ է:
2. «Ընդամենը մի տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն ավելացել է 20 տոկոսով»:
Այս հայտարարության իսկությունը հաստատելու համար կարող ենք ուսումնասիրել այս տարվա և նախորդ` 2019թ. պետական բյուջեի նախագծերը:
Որպես կանոն` պետական բյուջեն հաշվարկվում է ըստ եկամտի, ծախսերի և պակասուրդի:
Համեմատենք եկամուտների ծավալը. 2019թ. և 2020թ. պետական բյուջեում բաշխում կատարվում է հետևյալ կերպ. 2020թ.-ի համար` 1,697,618,538.8 դրամ, իսկ 2019թ.-ի համար` 1,496,463,122.3 դրամ: Տարբերությունը ստացվում է` 201,155,416.5 դրամ: Այսինքն` բյուջեի աճը կազմում է 11.8%: Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված 20%-ը ամբողջ 8.2%-ով ավել է իրական թվից, ինչը բավական մեծ նշանակություն ունի պետական բյուջեի հաշվարկման համար: Նույնը առկա է նաև պետական բյուջեի ծախսերի և պակասուրդի հաշվով:
Ուստի, Նիկոլ Փաշինյանի հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը:
3. «Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում ձեռք են բերվել այնքան սպառազինություն, զենք- զինամթերք, ինչքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում»:
Հարկ է նշել, որ այդպես էլ մեկուկես տարիների ընթացքում որևէ լրատվական միջոցում կամ պաշտոնական հաղորդագրություններում հաղորդում չեղավ նոր սպառազինություն, զենք-զինամթերգ գնելու առնչությամբ: Միակ դեպքը, երբ հայտարարվել է նոր սպառազինության մասին, այն է, որ Սու-30ՍՄ (Су-30СМ) կործանիչներ են գնվելու` համապատասխան վարկով, որոնք Հայաստան են մատակարարվելու 2020 թվականին: Պաշտպանության նախարարությունը հաստատել է գործարքի կնքման փաստը, սակայն չի հստակեցնում վճարված գումարի չափը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: