Իսրայելում ավելի է խորանում ներքաղաքական ճգնաժամը. կարծես, անխուսափելի է դառնում մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Բանն այն է, որ ո՛չ վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ո՛չ ընդդիմության առաջնորդ Բեննի Գանցը չկարողացան, Իսրայել պետության օրենսդրության համաձայն, իրենց տրամադրված 4-շաբաթյա ժամկետներում կոալիցիոն կառավարություն ձևավորել. երկու մրցակից ճամբարների, նաև մի շարք առանցքային գործիչների միջև առկա են բավական խորը գաղափարական և միջանձնային հակասություններ:
Ստեղծված իրավիճակում Իսրայելի օրենսդրությունը նախատեսում է կառավարություն ձևավորելու վերջին տարբերակը, ըստ որի՝ նախագահն ընտրում է խորհրդարանի՝ Քնեսեթի առավել լայն աջակցություն վայելող պատգամավորներից մեկին և նրան հանձնարարում ձևավորել կոալիցիոն կառավարություն: Իսկ այդպիսի պատգամավորներ կան Քնեսեթում: Մինչդեռ իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ քաղաքական մրցակցությունն այդ երկրում վերածվել է պարզագույն աթոռակռվի` անգամ անտեսելով պետության համար լրջագույն մարտահրավերների դիմագրավելու օրակարգային անհրաժեշտությունը։
Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը դասական օրինակ է, թե ինչպես կարող են անձերի նկրտումները, ըստ էության, պարալիզացնել բավական արդյունավետ գործող համակարգերը, այդ թվում` քաղաքական։