Hraparak.am-ը գրում է․

Իլհամ Ալիևը երեկ հայտարել է, որ պաշտոնական Բաքուն շարունակելու է լուրջ ուշադրություն դարձնել Նախիջևանի պաշտպանունակության ամրապնդմանը: Ադրբեջանի նախագահը Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովից նաև հետաքրքրվել էր, թե ինչ վիճակում են Հայաստանի հետ սահմանին տեղակայված բարձրլեռնային հենակետերը, և արդյոք դրանց` զինամթերքով և սննդամթերքով մատակարարումը բնականոն է իրականացվում:

Պատասխանն էլ, որ «դեպի բոլոր հենակետեր տանող ճանապարհները կառուցված են: Բոլոր հենակետերի հետ կապը հաստատված է, և դրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով մինչև հաջորդ տարվա հունիս ամիսը»։ 
Հայտնի է, որ ադրբեջանցիները  պարբերաբար կրակում են Նախիջևանից։ Վերջին անգամ՝ հունիսին  կրակել էին Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ: Մյուս կողմից, հայտնի է նաև, որ Թուրքիան մշտապես ձգտում է  ուժեղացնել իր աղդեցությունը Նախիջևանում՝ այդ տարածաշրջանում թուրքական ռազմակայանի ստեղծման իր ծրագրերով և հայ քաղաքական վերլուծաբաններից շատերը սա սկսել են համարել որպես արցախա-ադրբեջանական շփման գծից եկողին մոտեցող վտանգ։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն այդ կարծիքին չէ։ «Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ Իլհամ Ալիևի այս հայտարարությունից շատ ավելի վտանգավոր էր նրա ՝ Թուրքական խորհրդի նիստին արված հայտարարությունը, որ «Ինչպես գիտեք, Նախիջևանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջև պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Սա, ի դեպ, Ալիևն անում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակիցներ Ղազախստանի ու Ղրղըզստանի նախագահների ներկայությամբ։ Ինչ վերաբերում է Նախիջևանի չեզոք գոտուց դիրքերի առաջ տալուն, ինժեներական աշխատանքներին, ապա, ըստ նրա, դա անում է և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմը։ «Իրականում, դա չի դիտվում ագրեսիա, և մարդիկ, ովքեր տարիներ ի վեր և նաև հիմա փորձում են իրենց ցանկությունների տիրույթում գնահատել, որ ՀԱՊԿ-ը ինչու չի միջամտում, ապա, նախ, ՀԱՊԿ-ը Արցախի հետ կապված պարտավորություն չունի արցախա-ադրբեջանական սահմանում։ ՀԱՊԿ-ի պարտավորությունները  Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքում են «։ Նախիջևանի կրակոցների և նաև Տավուշում՝ ադրբեջանական դիրքերից, սա, փորձագետի բացատրությամբ, չի կոչվում ագրեսիա,  որին պետք է ՀԱՊԿ-ը արձագանքի, քանի որ ագրեսիա կոչվում է այն, որ այլ երկրի Զինուժը վերցնում է տարածք, մտնում և պահում այն։  «Այ, այդ դեպքում գործում են պայմանագրի հոդվածները»,-ասում է Նահապետյանը։ Իսկ այլ դեպքերում սա կոչվում է լարվածություն և հրադադարի ռեժիմի խախտում։

Հայկ Նահապետյանն էլ չի բացառոււմ, որ Նախիջևանում ամեն մի թուրք-ադրբեջանական զորավարժությունից հետո կարող է այնտեղից դուրս գալ ոչ թե տեխնիկան, այլ այդ տեխնիկայի մակետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել